Ուկրաինան Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման համար պայման է դրել

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Սիրիայի վարչակազմի ղեկավարության, երկրի ղեկավար Ահմադ ալ-Շարաայի և այլոց հետ, հայտնում է РБК-Украина-ն։

Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է օգնել սիրիացի ժողովրդին, քանի որ շահագրգռված է իրենց երկրների համագործակցությամբ։

«Մենք խոստացել ենք աջակցել պարենային անվտանգությանը և կարճ ժամանակում կատարում ենք մեր խոստումը։ Վաղը երկու տասնյակից ավելի բեռնատարներ կժամանեն Սիրիա՝ «Հացահատիկ Ուկրաինայից» մարդասիրական ծրագրի շրջանակում 500 տոննա ուկրաինական ալյուր մատակարարելով»,- հայտարարել է արտգործախարարը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Կիևը պատրաստ է կրկնակին առաքել։

Սիբիգան նշել է, որ «Ռուսաստանի ազդեցության տակ Բաշար Ասադի վարչակարգը ճանաչել է Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձը և Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ժամանակավոր բռնազավթումը»: Ի պատասխան՝ Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ։

Ընդսմին, եթե նոր Սիրիան հարգի միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Կիևը պատրաստ է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, երկխոսությունը և դիվանագիտական ​​հաստատությունների աշխատանքը, նշել է նա։

«Մենք պատրաստ ենք և սպասում ենք սիրիական կողմի քայլերին։ Դիվանագիտական ​​ներկայության վերականգնումը հնարավորություն կտա ավելացնել առևտուրը, համագործակցությունը գիտության և տեխնիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում։ Մասնավորապես, այսօր ես հայտարարեցի, որ պատրաստ ենք վերսկսել սիրիացի ուսանողների կրթությունը Ուկրաինայում»,-հայտարարել է Սիբիգան։

Տեսանյութեր

Լրահոս