
Հարավային Կորեայում ավիավթարից հետո կստուգեն բոլոր Boeing 737-800 ինքնաթիռները. Yonhap

Հարավային Կորեայի իշխանությունները երկրում բոլոր Boeing 737-800 ինքնաթիռների ստուգում կանցկացնեն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 29-ին Մուան օդանավակայանում վթարի ենթարկվեց Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Ավիավթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 181 մարդուց 179-ը: Այն դարձել է Կորեայի Հանրապետության տարածքում տեղի ունեցած խոշորագույն ավիավթարը երկրի պատմության մեջ։ Հարավային Կորեայում մեկշաբաթյա սուգ է հայտարարված։
Բացի այդ, դեկտեմբերի 30-ին Jeju Air ավիաընկերության ևս մեկ ինքնաթիռ՝ նույնպես Boeing 737-800, վերադարձել է մեկնաթռիչքի օդանավակայան՝ շասսի հետ կապված խնդրի պատճառով: Ինչպես հաղորդել է Yonhap գործակալությունը, խնդիրը նման է եղել դեկտեմբերի 29-ին կործանված ինքնաթիռի անսարքությանը: