
Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ը հայտարարել են սգո օր՝ Ակտաուի մոտ ավիավթարի կապակցությամբ

Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ը սգո օր են հայտարարել Ակտաուի մերձակայքում Գրոզնի թռչող «Azerbaijan Airlines» ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի կարգադրությունը։
Ավելի վաղ, «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը, որին պատկանում էր Ակտաուում կործանված Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, հայտարարել էր, որ հետաքննության նախնական տվյալներով՝ օդանավն ընկել է «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության պատճառով»:
Ավելի վաղ, Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական քննությանը մոտ կանգնած չորս աղբյուրների, հաղորդել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից։ Նույնն են պնդում նաև մի շարք այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Euronews-ն։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։