ԱՀԿ-ի տնօրենը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ իսրայելական հարվածների պահին եղել են Եմենի օդանավակայանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ եղել են Սանայի միջազգային օդանավակայանում, երբ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Գեբրեյեսուսը հայտարարել է, որ օդանավակայանի վրա իսրայելական հարվածների պահին իրենք պատրաստվում էին ինքնաթիռ նստել, սակայն ստիպված են եղել սպասել, մինչև պատճառված վնասը վերականգնվի։
Հութիների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտարարել են, որ օդանավակայանում իսրայելական հարվածներից զոհվել է 3 մարդ, 30-ը՝ վիրավորվել։ Եվս 3 մարդ զոհվել է և 10 մարդ՝ վիրավորվել Եմենի Հոդեյդայի նահանգին հասցված հարվածներից։ Հարվածներ են հասցվել էլեկտրակայանների և նավահանգիստների։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է ռազմական օբյեկտներ։
Գեբրեյեսուսը X սոցիալական ցանցում գրել է, որ Եմենում էր գտնվում «ՄԱԿ-ի ձերբակալված աշխատակիցների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու և երկրում առողջապահական և հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին մտահոգություն է հայտնել Իսրայելի և Եմենի միջև լարվածության սրման առնչությամբ։Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածները, մինչև նպատակին հասնելը։
Հութիներն իրենց հերթին վերջին շրջանում բավական ակտիվացրել են Իսրայելի վրա հարձակումները՝ նշելով, որ դրանք կշարունակվեն, մինչև Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվի։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհվել է շուրջ 45 400 մարդ։