Հայաստանի այս առաջնությունում բացահայտումներ չեղան. Արմեն Բաբալարյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի համար ներքին առաջնությունում բացահայտումներ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:
«Հայաստանի այս առաջնությունում բացահայտումներ չեղան: Բոլոր մասնակիցներին լավ ճանաչում եմ, մեր մարզիկներն են: Օրինակ` միայն 60 կգ քաշայինների պայքարում Կարապետ Մանվելյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանին: 55 կգ քաշում հանդես եկավ մինչ այս 60 կգ հանդես եկող Տիգրան Մինասյանը:
Տարբերություններ կային տարբեր քաշային կարգերում»,- ասաց Բաբալարյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի այս առաջնությունում շատ մասնակիցներ կային պատանեկան հավաքականից, որոնք դրական տպավորություն են թողել մասնագետի վրա:
«77 կգ քաշային կարգում, օրինակ` Մալխաս Ամոյանը լավ մրցակիցներ ունի, այդ քաշային կարգում մեծ ներուժով մարզիկներ ունենք»,- առանձնացրեց նա:
Երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2024 թվականի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էր մոտ 80 ըմբիշ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):