Սիրիայի նոր ղեկավարը հրաժարվել է իր ահաբեկչական անունից ու անցյալից, բայց դեռևս չի վաստակել Արևմուտքի վստահությունը. Bild
Սիրիայում Բաշար ալ Ասադին տապալած և իշխանությունը դե ֆակտո վերցրած զինված ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ Շարաան ներկայանում է որպես «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներում իր անցյալից հրաժարված առաջնորդ: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ նա հրաժարվել է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մարտական անունից, խոսում է փոքրամասնությունների իրավունքների մասին և հանրության առաջ հայտնվում քաղաքացիական հագուստով։ Դամասկոսում իշխանության գալուց ի վեր ալ Շարաան ընդգծում է իր հանդուրժողականությունն ու նվիրվածությունը Սիրիայում բազմակարծության պաշտպանությանը:
«Ի՞նչը կարող է լինել նման փոփոխությունների ռացիոնալ պատճառը. «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդը Սիրիայի վերականգնման համար Արևմուտքի աջակցության կարիքն ունի։ Սիրիացի փախստականների վերադարձի և այլ համագործակցության համար անհրաժեշտ է լավ հարաբերություններ հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: Հանուն այս աջակցության նա պատրաստ է հրաժարվել նույնիսկ իսլամի որոշ նորմերից և, օրինակ, համաձայնում է լուսանկարվել առանց գլխաշորի կանանց հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ (փողոցում գտնվող սիրիացի կանայք, ընդհակառակը, պետք է կրեն գլխաշոր, եթե ուզում են նկարվել նրա հետ)», – գրում է Bild-ի խմբագիր Ժաննա Պլաումանը։
Այնուամենայնիվ, ըստ թերթի, Միացյալ Նահանգները չի շտապում վերացնել ալ Շարաայի ահաբեկչական կարգավիճակը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարող է ճանաչել Սիրիայի կառավարությանը միայն որոշակի պայմանների դեպքում՝ փոքրամասնությունների իրավունքների հարգում, մարդասիրական օգնության տրամադրում, ահաբեկչության տարածման կանխարգելում, հարևան պետությունների (այդ թվում՝ Իսրայելի) նկատմամբ սպառնալիքի բացակայություն և բոլոր կենսաբանական և քիմիական զենքերի ոչնչացում։
ԵՄ-ն իր հերթին պահանջել է Ասադի վարչակարգին աջակցող բոլոր ռուսական զորքերը դուրս բերել Սիրիայից։
«Անհասկանալի է, թե արդյոք հնարավոր կլինի հասնել փոխըմբռնման և համագործակցության։ Մինչ ալ Շարաան հանդիպում է արևմտյան պատվիրակությունների հետ, «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը նշանակել է երկու նահանգապետերի, որոնք մաս են կազմում սալաֆիական աշխարհազորային «Ահրար ալ-Շամ»-ի ղեկավարությանը, և որոնք, ինչպես թալիբները, պաշտպանում են շարիաթի օրենքը», – եզրափակում է աղբյուրը: