
Երևանի քաղաքապետի բյուջեից՝ աշխատակցի գրպա՞նը․ Ո՞վ կապահովի Նոր Նորք վարչական շրջանի տոնական ձևավորումը

Նոր Նորք վարչական շրջանի «Ամանորյա տոնական ձևավորում» միջոցառման ծառայությունների կազմակերպման համար դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի գինը կազմել է 9 միլիոն դրամ։ Ըստ armeps էլեկտրոնային համակարգի՝ Երևանի քաղաքապետարանը գնումը կատարել է հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով։
Մատակարարը «Լեդ Օն» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 2022 թվականին և պատկանում է Հրաչիկ Խաչիկի Գալուստյանին, որն էլ, ըստ բաց աղբյուրներում մի քանի ամիս առաջ շրջանառվող փաստաթղթերի, ոչ այլ ոք է, քան Երևանի քաղաքապետարանի աշխատակից։
168․am-ը տարբեր առիթներով անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի պետգնումների մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգերով շքերթին։
Վերջին պայմանագրին՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված լուսանկարչական փառատոնի կազմակերպմանը, անդրադարձել էինք օրերս։
Մատակարար կողմը «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն է եղել, որը, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի, Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակում միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցումը կազմակերպել է 50 միլիոն 055.000 դրամով։