«Ալիևի հետ Փաշինյանն է հանդիպում, նա պետք է հարցը բարձրաձայնի». Անհայտ կորածի հարազատ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախում տեղի ունեցած պատերազմի և նույն թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանի ճանապարհին տեղի ունեցած պայթյունի ժամանակ անհետ կորած անձանց հարազատներին մոտ 2-3 ամիս առաջ ընդունել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ նշելով, որ այդ հարցով զբաղվում են։ ՀՀ գրեթե բոլոր գերատեսչություններն այս նույն պատասխանն են տալիս անհետ կորածների հարազատներին։ Այս մասին 168.am հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից մեկը։

«Մեզ կոնկրետ որևէ բան չեն ասել, ամեն ինչ նույնն է, միայն ասում են, որ հարցով զբաղվում են, բայց այսպես ասած՝ մեջը «բան» չկա։

Դե, մենք ԱԱԾ տնօրենին էլ ենք հասկանում, ամեն ինչ չի մանրամասնելու մեզ հետ զրույցներում, բայց փաստն այն է, որ որոշակիություն չկա այս հարցում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա նաև տեղեկացրեց՝ իրենց բողոքներից հետո Նիկոլ Փաշինյանն իրենց այդպես էլ մեկ անգամ չընդունեց, չլսեց իրենց խնդրի մասին։ Նույնիսկ հետևել են քաղաքացիների ընդունելության կարգին ու փաստաթուղթ են լրացրել, որ գոնե այդպես ընդունի, սակայն կրկին ապարդյուն։

Կարդացեք նաև

«Նախ՝ մեզ չընդունեց, հետո էլ նամակով պատասխանեցին, թե գործն իրենց տիրույթում չէ, ՔԿ-ի տիրույթում է, դե, մենք էլ հանդիպեցինք ՔԿ-ի պաշտոնյայի հետ, ով կրկին ասաց, որ այդ հարցով զբաղվում են։

Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն է հանդիպում, նա պետք է այդ հարցը բարձրաձայնի, բայց չի բարձրաձայնում, հակառակ դեպքում՝ մի բան էլ մեզ կասեն»,- շեշտեց նա։

Նշենք, որ այս տարվա գարնանը Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին արցախահայերը, նրանց մի մասը պահանջում էր, որպեսզի նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված անձանց արտաշիրմում իրականացնեն և տեղափոխեն Հայաստան՝ այստեղ վերահուղարկավորելու համար։

Ակցիայի մասնակիցների մի մասն էլ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով առայսօր անհետ կորածների հարազատներն էին։

Նրանք պահանջում էին, որպեսզի Կառավարության ղեկավարը քայլեր ձեռնարկի՝ այդ անձանց ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդելու համար։ Երկու տասնյակից ավելի անձանց հարազատները մինչև այսօր Հայաստանում տարբեր գերատեսչությունների, միջազգային մի քանի կառույցների դռներ են բախել, որպեսզի պարզեն իրենց հարազատների ճակատագիրը, սակայն ապարդյուն։

Տեսանյութեր

Լրահոս