Ավելի մեծ «կոմպրոմատ» Փաշինյանի և նրա թիմի դեմ, իմ կարծիքով, գոյություն չունի. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է. «Եթե դու ինձ այս խաղալիքը չտաս, ես դաստիարակ ընկեր Վարդուշին կասեմ, որ դու քիթդ էիր քչփորում»: Մանկապարտեզային տարիքի համար այդ՝ միանգամայն բնական համարվող շանտաժը դարձել է որոշակի ուղղվածության լրագրության եւ այսօր ՔՊ կոչվող իշխող խմբակի հիմնական զբաղմունքը: Մինչեւ 2018 թվականը հենց դա՛ էր սոցցանցային «ընդդիմադիր» գործունեության առանցքը:
Ես էլ եմ այդպիսի «սպառնալիքներ» ստացել՝ եթե դու այսպես գրես, ես կասեմ կամ կգրեմ, որ դու այսինչի մարդն ես: Ասել, որ նման շանտաժը որեւէ ազդեցություն չունի, իհարկե, սխալ կլինի:
Մարդկանց մեջ խորը նստած է «վարկաբեկված» լինելու, փոքրամասնության մեջ մնալու վախը: Այդպես էր, ի դեպ, 1930-ական թվականների սկզբին գործում գեբելսյան քարոզչությունը, որի ներկայացուցիչ Էլիզաբեթ Նոյել-Նոյմանը հետագայում դա անվանեց «լռության պարույր»:
Իշխանության գալուց հետո ՔՊ-ն սկսեց նույն մեթոդը լայնորեն կիրառել թե՛ ընդդիմախոսներին լռեցնելու, եւ թե՛ սեփական շարքերում «կարգուկանոն հաստատելու» նպատակով: Մասնավորապես, 2018 թվականին հեղափոխական գաղափարներին անկեղծ հավատացած մարդիկ դարձան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, զբաղեցրին որոշակի պաշտոններ: Հետագայում շատերը, բնականաբար, հիասթափվեցին, եւ ոչ միայն պատերազմում պարտվելու պատճառով: Բայց նրանցից շատ քչերին հաջողվեց դուրս գալ իշխող խմբակից. միայն նրանց, ում դեմ շանտաժն արդյունավետ չէր՝ այդ մարդիկ ինքնաբավ են եւ թաքցնելու բան չունեն: Հիմնական մասը մնաց խմբակի մեջ՝ իհարկե, գտնելով դրա համար գեղեցիկ «հիմնավորումներ»:
Քանի որ հիմա Փաշինյանի ձեռքում է ե՛ւ «հասարակական կարծիքը», ե՛ւ իրավապահ համակարգը, կարելի է շանտաժել ոչ միայն «անկողնային կոմպրոմատով», այլեւ քրեական հետապնդմամբ: Աղազարյանը, «պարզվում է», պետական գաղտնիք է հրապարակել, Ասլանյանը, բացառված չէ, կմեղադրվի հօգուտ օտար պետության լրտեսության մեջ:
…«Ով ում մասին ինչ կասի». 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդ խաղն անձամբ ինձ համար կորցրել է իր հետաքրքրությունը: Կարող եք իրար մասին եւ կամ ձեզ դուր չեկող մարդկանց մասին ամենասարսափելի «կոմպրոմատները» տարածել: Խոսքերը ոչինչ են, փաստերն՝ ամեն ինչ:
Արցախը թշնամու ձեռքում է, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց տներից եւ հողից: Թշնամին զավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը:
Ավելի մեծ «կոմպրոմատ» Փաշինյանի եւ նրա թիմի դեմ, իմ կարծիքով, գոյություն չունի»: