 
                        «Տեսլայի» վարորդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին
 
                                    Արագածոտնի մարզի պարեկները դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 1.12-ին, Աշտարակ քաղաքի կամրջի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տեսլա» մակնիշի մեքենան:
Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ՝ կիսով չափ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, իսկ Թալինի բնակիչ 27-ամյա վարորդը պայուսակից ներկայացրել է ատրճանակի նմանվող առարկա: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ նա զրկված է վարորդական իրավունքից:
Երիտասարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Բաժնում նրա մոտ հայտնաբերվել են «BARICAT R2, 5S» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ և 2 փամփուշտ: Երիտասարդը հայտնել է, որ կաթուցիչում մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Տեսլայի» զննությամբ հայտնաբերվել են 2,54 գրամ կանեփանման զանգված և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ: Երիտասարդը տեղափոխվել է ՀՈԳՎ Աշտարակի բաժնի ՁՊՎ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        