«Աննա Հակոբյանը և իր առաջ քաշած կարգախոսը ցնծությամբ ընդունողներն այլ բան չեն անում, քան ինքնախոստովանություն, որ տգետ են». Դավիթ Մշեցի
168.am-ի զրուցակիցն է բանաստեղծ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին
– Դավիթ, Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է «պայքար տգիտության դեմ»՝ նշելով, որ «կրթվելը նորաձև» է։ Ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունեք այս «արշավի» վերաբերյալ։
– Ճիշտն ասած՝ այդ լոզունգին հանդիպելուն պես մի պահ ապշեցի, հետո անմիջապես սթափվելով հասկացա, որ Աննա Հակոբյանի և նրա աղանդի համար դա շատ նորմալ լոզունգ է, քանզի 21-րդ դարի Բանական Մարդու համար կրթվելը Բնական վիճակ է, հետևապես՝ Աննա Հակոբյանը և իր առաջ քաշած կարգախոսը ցնծությամբ ընդունողներն ու կիսվողներն այլ բան չեն անում, քան ինքնախոստովանական ցուցմունք են տալիս, որ իրենք տգետ են։
Չի կարող 21-րդ դարի Բանական Մարդն ընդունել, որ կրթվելը նորաձև է։ Ճիշտ այդպիսի մի լոզունգ էլ տարիներ առաջ առաջ քաշեց Արմեն Մարտիրոսյանը՝ «Անտարեսի» Արմենը, ըստ որի՝ կարդալն էր նորաձև։ Հասկանում եք, չէ՞, Կարդալը Նորաձև է։ Եվ բոլոր նրանք, ովքեր շրջանառեցին այդ կարգախոսը, փաստեցին, որ երբեք գիրք չեն կարդացել։
– Այս «արշավին» զուգահեռ, մենք տեսնում ենք, որ թատրոնն են փակում, բուհերն են միավորվում, այդ ճանապարհո՞վ են պայքարում տգիտության դեմ։
– Գիտեք, արդեն էշին մոխրաջրով լողացնելու պես մի բան է դարձել՝ հանրությանն ասելը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ինչ ասում են՝ անում են ուղիղ հակառակը։ Եթե խոսում են Արցախի Հայաստան լինելուց, ուրեմն Արցախ են հանձնում։ Եթե խոսում են քաղաքացու տուգանքի մատերիալ չլինելու մասին, անմիջապես այդ նույն քաղաքացուն դարձնում են բացառապես տուգանքի մատերիալ, եթե խոսում են կոռուպցիայի հանդեպ 0 հանդուրժողականությունից, դա նշանակում է, որ այդ 0-ի դեմը հինգանիշ մի թիվ ավելացնելով՝ կոռուպցիա են անում, եթե խոսում են նախկին թալանչիներին դատելուց, դա նշանակում է, որ բոլորն ազատության մեջ են, ու իրենք նրանց հետ բիզնես են անում, և այսպես շարունակ։ Կարճ ասած՝ իրենցը Փանջունիական Քանդելու Բերկրանքն է…
– Ժամանակ առ ժամանակ Աննա Հակոբյանն իր մոտ հավաքում է ինչ-որ անձանց, ընթերցում է Խորենացու «Ողբից» հատվածներ, ինչո՞ւ հենց Խորենացի ու ինչո՞ւ հենց «Ողբը»։
– Բնական է, որ «Ողբը» պիտի կարդա՝ այդ մարդկանց ականջը սովորեցնելու համար, թե այս վիճակը մեզանում բնական վիճակ է։ Մինչդեռ Խորենացու «Ողբն» այն մասին էր, որ այն ժամանակ էլ Աննա Հակոբյանի, Նիկոլի ու իրենց աղանդի պես իշխանություն է եղել՝ անդեմ, անսուրբ, տգետ, հայրենադավ, չարչի ու լպրծուն։ Բա հո չի՞ կարդա Խորենացու Նամակը Սահակ Բագրատունուն, որտեղ Պատմահայրն իր մեկենասին ասում է. «Արի քեզ ծանոթացնեմ քո ազգի պատմությանը և տես, թե ինչ փառահեղ ազգի զավակ ես դու»։
Խորենացու այս և մյուս բաները կարդալուց, ստիպված պիտի լինի նախ հասկանալ դրանք և ապա ընդունել, որ իր ամուսնու ասած, «Հայերը մի հավաբուն հիշեցնող Գառնի ունեն միայն» արտահայտությունն ապազգային ու լպիրշ սուտ է, և, որ իրենց բոլոր քայլերն են ապազգային ու Անկարայից թելադրված։
– Ձեր կարծիքով՝ ո՞ր պահից են հասկացել, որ «կրթվելը նորաձև է». նման «արշավ» սկսելուց առաջ արդյո՞ք բարեփոխումներ արել են կրթական համակարգում։
– Ժողովուրդն ասում է․ «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ի՞նչ է»։ Հիմա սրանցն է․ խավարում խարխափողն անհաղորդ է լույսին, ինչքան էլ կաղկանձի այդ լույսի անունը։ Ինչ մնում է բարեփոխումներին՝ արդեն ասացի՝ սրանց համար բարեփոխումն ամենայն Բնականի, Բանականի, Հոգևորի ու Ոգեղենի եղծումն ու պղծումն է՝ փոխարենը ամենազազրելի մարդկային վարքուբարքի քարոզը հրամցնելն է, որը, ցավոք, մեր հանրությունը սպունգի պես ներծծում է։
– Որևէ երկրի իշխանություն երբևէ նման «արշավ» սկսե՞լ է։
– Ճիշտն ասած, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է, եթե նույնիսկ սկսել է, ապա նույնքան տկարամիտ է եղել, որքան սրանք։
– Դուք՝ որպես բանաստեղծ, երիտասարդ, երբևէ հրավեր ստացե՞լ եք մասնակցելու այն հավաքներին, որն անցկացնում է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ իր մոտ հավաքում է հասարակական կարծիք ձևավորող անձանց։
– Ես այս իշխանությունների ժամանակ հրավեր ստանում եմ միայն դատարաններից՝ շինծու քրգործերի համար։ Այո, Աննա Հակոբյանն իրապես իր մոտ հավաքում է հասարակական կարծիք ձևավորող անձանց ու չի ստում՝ այդ մասին հայտարարելով, քանզի իմպեսները, որոնք խորշում են հասարակական կարծիքից ու դրա ձևավորողներից, միշտ էլ ձևավորել են Ազգային, Պետական, Բովանդակային ու Խորը համոզմունք, որի փշրանքներով էլ դարեր շարունակ՝ ի տրիտուր հազարավոր Աննա Հակոբյանների կուռ ջանքերին, դեռ կանք ու հար լինելու ենք․․․
– Տգիտության դեմ պաքարելու Ձեր մեթոդը ո՞րն է։
– Մինչև վերջերս փորձում էի հնարավորինս համոզել խավարում խարխափողներին, որ լույսն ավելի գեղեցիկ ու օգտակար է, նույնիսկ Օշոյի հայտնի տեսության համաձայն, փորձում էի ահաբեկել խավարաբնակներին, որ դուրս գան իրենց որջերից և ջերմանան արևի տակ։ Հիմա ուղղակի ապրում ու արարում եմ, և ովքեր ինքնակամ գալիս են իմ արարման ու գաղափարի ետևից՝ գալիս են, ովքեր չէ՝ նրանց ուղղակի Դանթեի պես «Արհամարհում անցնում եմ»․․․