«ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ Հայաստանն ի՞նչ երաշխիքներ է ստանալու՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ ՆԱՏՕ-ն ի՞նչ օժանդակություն կարող են ցուցաբերել». Հայկ Նահապետյան

Երևանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։

«Այս պահին, կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել էր նա։

Օրերս էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ հնարավոր է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկվի ձայնի իրավունքից։

Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ՌԴ-ն Զախարովայի միջոցով կրկին նախազգուշացնում է հայկական կողմին, որ ՀՀ իշխանության կեցվածքը հղի է Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս թողնելու վտանգով։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանը հիմա այս ճանապարհին է, ՌԴ-ն վերջին 2-2,5 տարում, ի պատասխան ՀՀ իշխանությունների հայտարարություններին, կոշտ չէր արձագանքում։ Սակայն, երբ Փաշինյանը հայտարարեց, որ մի սահման կա, որն անդառնալիորեն անցել են, այսինքն՝ ՀԱՊԿ-ի հետ չեն համագործակցում, Ռուսաստանը որոշեց Հայաստանին վերջին զգուշացումն անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ ժամանակին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց չկար, առաջարկվում էր, որ  սահմանին տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահներ ու դիտորդներ, որպեսզի Ադրբեջանի կողմից որևէ սադրանք չլիներ։ Հայաստանը դրանից հրաժարվեց ու Հայաստան բերեց ԵՄ դիտորդական առաքելության։

«Եթե ռազմական գործողություններ լինեն, ՀԱՊԿ-ի հովանոցի ներքո գտնվող երկրները ստանալու են աջակցություն, բայց Հայաստանը զրկվելու է այդ հովանոցից։ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ Հայաստանն ի՞նչ երաշխիքներ է ստանալու՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ ՆԱՏՕ-ն ռազմական ի՞նչ օժանդակություն կարող են ցուցաբերել Հայաստանին։ Նախ՝ լոգիստիկ առումով դրա հնարավորությունը չկա, հետո էլ՝ այդ երկրներն առանձնապես ցանկություն չունեն։

Եթե մենք այդ կառույցից էլ զրկվենք, ապա Ադրբեջանն աշխարհաքաղաքական հարմար իրադրության պահին անարգել կարող է մտնել Հայաստան, ընդհուպ՝ մինչև Երևան։ Հաշվի առեք Սիրիայի անկումը, որից հետո փաստացի թիրախում հայտնվում է Իրանը, ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները, Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ լրջագույն ռազմական գործողությունների։

Եթե Իրանի դեմ եղան հարձակումներ, ապա Ադրբեջանին որևէ բան չի խանգարելու վերցնելու «միջանցքը», որը միայն Սյունիքի մարզը չէ, Ջերմուկից մինչև Երասխ կմտնեն։ Գուցե ամերիկյան որոշակի ռազմական խոստումներ են եղել Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանի վրա նման հարձակում չի լինելու, բայց զուգահեռներ տարեք Սիրիայի հետ, կտեսնենք, որ այդ խոստումներն առոչինչ են»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, եթե, օրինակ, Միացյալ Նահանգները հայտարարություն տարածի, թե Ադրբեջանը Հայաստանից ապօրինի տարածքներ է զավթել, այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը դուրս կգա ՀՀ տարածքներից։

Հայկ Նահապետյանը վստահ է՝ այսօր Հայաստանի համար միակ երաշխավորը ՀԱՊԿ պայմանագիրն ու ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազան է, որից, իհարկե, Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ ուզում է ազատվել։

«Կրկնում եմ՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար Հայաստանը կարող է դառնալ ռազմական թատերաբեմ, իսկ ՀԱՊԿ-ն ու 102-րդ ռազմաբան խանգարելու են Իրանի դեմ հարձակվողներին։ Հավանաբար Փաշինյանն Արևմուտքին խոստացել է, որ կգնա այդ քայլին, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն Իրանի դեմ»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս