Փախստականների մեջ կարող են հայեր էլ լինել. Ավստրիայի նախկին արտգործնախարարը` Սիրիայի մասին
Միլիոնավոր մարդիկ փախչելու են Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկման պատճառով. ԵՄ երկրները դրան չեն դիմանա։ Նման կարծիքի է Ավստրիայի նախկին արտգործնախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը։
«Հիմա միլիոնավոր մարդիկ կփախչեն Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկչության պատճառով: Նրանցից շատերը իսկական քաղաքական փախստականներ կդառնան: Դրանք են սիրիացի պետծառայողները, ուսուցիչները, քրիստոնյաները, լինեն նրանք ուղղափառ, մարոնիներ, թե հայ: Իսմայիլիներ, ալավիներ և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնեն Դամասկոսի փողոցներում»,- գրել է նա իրTelegram–ալիքում:
Քնայսլի կարծիքով` այնպիսի երկրներ, ինչպիսին Ավստրիան է, պատրաստ չեն լինի անխուսափելի փորձանքին, որը վրա կհասնի Արևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա:
«Այս անգամ Եվրոպան վտանգված է դառը պտուղներ քաղել «չափավոր ապստամբներին» զինելու իր ներդրումների համար»,- նշել է Ավստրիայի նախկին արտգործնախարարը։
Նա նաև իրականությունից դուրս է անվանել արևմտյան մամուլի հրապարակումներն ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները սիրիացիների հայրենադարձության մասին:
«Պարզ հարց. ի՞նչ օդանավերով, Սիրիայի ո՞ր օդանավակայաններ։ Երկիրն ամեն օր ռմբակոծվում է Իսրայելի կողմից և խեղդվում անօրինականության մեջ», – ավելացրել է նա:
Քնայսլը հիշեցրել է 2015 թվականի իր հայտարարություններն այն մասին, որ Եվրոպան չի կարողանա հաղթահարել անօրինական միգրացիայի հոսքը, ինչպես նաև նախազգուշացումները բռնության և սեռական հանցագործությունների աճի մասին:
Նա նաև նշել է, որ այն ժամանակ այդ հայտարարությունների պատճառով իր հետ չեն կնքվել դասավանդման մի շարք պայմանագրեր, արգելվել է ելույթ ունենալ պետական հեռուստաալիքով։