Ժողովուրդն իշխանափոխության պահանջ ունի, բայց ակնկալել, որ Փաշինյանն ընտրություններով կգնա, միամտություն կլինի. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ժողովրդավարության բացակայությանը և իշխանափոխության անհրաժեշտությանը: Նա համապատասխան ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:

«Վեց տարի է՝ Հայաստանը խորհրդարանական երկիր է, վեց տարի է՝ Փաշինյանը երկրի վարչապետ է: Սա ոչ թե Հայաստանի կայունության վկայություն է, այլ ժողովրդավարության իսպառ բացակայության՝ հաշվի առնելով Փաշինյանի տված արդյունքները: Նայենք, թե իսկական ժողովրդավարական պետություններում ինչ է կատարվում: Ֆրանսիան վերցնենք: Ընդամենը երկու օր առաջ խորհրդարանը պաշտոնազուրկ արեց վարչապետին, որովհետև անհամաձայնություն կար բյուջեի հարցում: Ֆրանսիան կիսանախագահական պետություն է: Վերցնենք Մեծ Բրիտանիան», – ասել է Օսկանյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրում վերջին չորս տարիների ընթացքում նույն Պահպանողական կուսակցությունը չորս վարչապետ փոխեց:

Նա առաջարկել է համեմատության մեջ դնել վեց տարիների ընթացքում Փաշինյանի գրանցած արդյունքները:

«Եվ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության: Սա նշանակում է՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա: Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո-ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք: Հայաստանում իսկապես խորհրդարան չկա: Մի հատ նայեք Փաշինյանի հաշվեկշիռը այս վեց տարիներին: Մի ամբողջ հայրենիք ենք տվել, Ղարաբաղ ենք տվել Ադրբեջանին: Դատարկել, տվել ենք: Մեծ զոհերի գնով ենք տվել: Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք: Մեր տարածքների ամբողջականությունն այսօր վտանգված է: Մեր առաջ պահանջներ կան՝ չեն կարողանում այս իշխանությունները դիմագրավել դրանց: Սա միայն Ղարաբաղի հարցում: Էլ չեմ ասում՝ դաշնակիցներ ենք կորցրել: Բոլորին: Նորերը չենք գտել: Անորոշ վիճակում ենք:

Տնտեսությունն իսկապես ծանր վիճակում է: Հիմա տարվա վերջն է, կներկայացնեն լավ թվեր, բայց այդ լավ թվերը, գիտենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունք է: Ակտիվության մի կարևոր մասն այստեղով է անցնում և այդ թվերն ուռճանում են, լավ են երևում: Սակայն դրանից օգտվողները շատ փոքր խումբ մարդիկ են: Ժողովրդի մեծ մասն այսօր խրվում է պարտքի տակ, տուգանքի տակ, հարկի տակ: Տնտեսական վիճակը Հայաստանում լավ չի: Վեց տարվա մեջ չի եղել մի լուրջ ներդրում: Մեր արտաքին պարտքը աճել, հասել է անհավատալի չափերի: Այս իշխանությունների ներքին չարաշահումները իրենց անձնական հարստացման համար են բյուջեի և այլ միջոցներով: Ժողովրդի մեջ այսօր անչափ մեծ դժգոհություն կա և պահանջ կա Հայաստանում իսկապես իշխանափոխության: Թվերը դա են ցույց տալիս: Ժողովրդի հետ շփվելիս դա ակնհայտ երևում է», – նշել է նախկին ԱԳ նախարարը:

Նա հիշեցրել է, որ 2026-ին հերթական ընտրություններն են:

«Բայց հնարավոր է՝ 2025-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն ինչ-որ պատճառներով: Իսկ Հայաստանի ընդդիմությունը իսկապես պատրաստ չէ դրան:

Այսօր կա ժողովրդի մեջ այդ պահանջը: Ընդդիմությունը պետք է ականջալուր լինի ու այս պահից արդեն սկսի դրան պատրաստվել: Արտահերթ, թե հերթական: Հերթականն արդեն սարերի հետևում չի: Բայց այս պայմաններով, իսկապես, շատ դժվար է ընտրություններով իշխանափոխության հասնել: Մենք ընտրություններով իշխանություն փոխելու լավ ավանդույթներ չունենք: Ընտրություններին միշտ նախորդել է ինչ-որ մի դեպք, որը արդեն որոշել է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ կառավարությունը, եւ ընտրություններով մենք դա միայն ֆորմալիզացրել ենք: 2018-ին նույնն է եղել, նախկինում նման դեպքեր կան: Եվ այսօր ակնկալել, որ ընտրություններով Փաշինյանը կգնա, միամտություն կլինի: Ես չեմ ասում, որ անօրինական գործողություններով դա անել: Ոչ, շատ օրինական: Բայց դա անելու համար ընդդիմությունը պետք է կազմակերպված լինի: Ընդդիմությունը մի քանի բան ունի անելու: Նախ, բոլորը, ովքեր այսօր ընդդիմության տեսանելի դաշտում են, նաև նրանք, որոնք անտեսանելի են, բայց ինչ-որ ցանկություն ունեն, նույն նպատակին են ծառայում, որ իշխանափոխություն լինի Հայաստանում, նրանք պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան մի հստակ ծրագիր: Սա շատ կարևոր է: Ծրագիր, որ իսկապես արտահայտում է ժողովրդի մտահոգությունները, լուծում է նրանց խնդիրները՝ տնտեսական, անվտանգային, կենցաղային, առօրյա կյանքը փոխելու, արտաքին հարցերով նրանց հույս տալու: Այդ ծրագիրը պետք է այսօր մշակվի ընդդիմության կողմից, և այդ ծրագրի շուրջ ընդդիմությունը պետք է համախմբվի ու ներկայացնի ժողովրդին: Այդ ծրագիրն ունենալուց հետո ընդդիմությունը նաև պետք է համաձայնի մեկ ղեկավար անձի շուրջ:

Անձ, որը փորձ ունի, վստահություն ունի, համակրանք ունի: Այդ անձի շուրջ պետք է լինի համախմբումը: Դա նույնպես կարևոր գործոն է: Ծրագիր-անձ համադրումը գործնական աշխատանք կատարելու լավ ֆոն կստեղծի: Եվ վերջապես, մշակել այդ հիբրիդային տակտիկան և դրանով առաջնորդվել: Նորից եմ ասում, ես այստեղ ծայրահեղ կոչեր չեմ անում: Պարզապես, պետք է հաշվի առնել ընտրությունների մեր նախկին փորձը: Եթե այս երեք պայմանները իրականանան՝ ծրագիր, ընդդիմության համախմբում, անձի ընտրություն, հիբրիդային տակտիկայի մշակում և գործնական քայլեր, կարծում եմ, որ ընդդիմությունը պատրաստ կլինի նույնիսկ եկող տարվա կեսերին արտահերթ ընտրություններին և հասնել իշխանափոխության, ինչը օրվա հրամայականն է»,-ասել է Վարդան Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս