«Հեռու չի՛: Թուրքը Հալեպ կհասնի, Երևան չի՞ հասնի: Իրենցը Փարիզն է, բորտը կհասցնի թռնել, բա դու՞ք». Նարեկ Գալստյան
Նարեկ Գալստյանի գրառումը․
«Կարպիսի ֆեյսբուքյան էջում հանդիպեցի վավերագրական կադրերի: 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից օրեր անց աղետի գոտի է գալիս ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Մ.Ս. Գորբաչովը: Վերջինս ապշած պատմում է, որ փլատակների վերածված շրջանում մարդիկ իրեն մոտենում ու հարցնում էին ոչ թե իրենց ավիրված տների, զոհված ու վիրավոր հարազատների, այլ… Ղարաբաղի մասին: 30 հազար մարդ էր զոհվել, հարյուր հազարավոր անտուններ կային, երկրի երեսից ջնջվել էին բնակավայրեր, իսկ մարդիկ Ղարաբաղից էին հարցնում:
Ու օրինաչափ էր, որ այդ նույն անտուն մարդիկ կրեցին բոլոր դժվարությունները, էլի զոհեր տվեցին, էլի անտուն մնացին հանուն Ղարաբաղի: Մթնոլորտն էր այդպիսին, միջավայրը, դաստիարակությունը, ոգու կանչը… 30 ու ավել տարիներ անց երկրաշարժ չկար, մութ ու ցուրտ չկար, մարդիկ կուշտ էին: Բայց Ղարաբաղ չկար: Ղարաբաղի մասին հարցնող էլ չկար ու չկա: Կամ քիչ կա: Գորբաչովից Ղարաբաղ էին ուզում ու անիծում, որ մեր դատն արդար չի լուծում, «յան» ազգանունովին օրհնում, որ իրենց ազատեց Ղարաբաղից: Մի հատ էլ գլուխ գովաց, թե դա հանուն իրենց էր, որ կուշտ լինեն: Ղարաբաղը ջահնամ, վաղը Հայաստանից է «ազատելու», թռնելու Փարիզ ու ասելու, թե ես ինչ անեմ, պետք է վտարանդի կառավարություն ստեղծենք ու ընդունենք «նոր իրողությունները»: Ու էլի շնորհակալ լինողներ են լինելու: Սրանք կյանքն են վայելում, Փարիզ ու Հռոմ թռնում, մի քանի հազար կմ այն կողմ Սիրիայի պես պետություն է վերանում: Սրանց աջակիցները թքած ունեն, որովհետև մեզնից հեռու է: Հեռու չի՛: Թուրքը Հալեպ կհասնի, Երևան չի՞ հասնի: Իրենցը Փարիզն է, բորտը կհասցնի թռնել, բա դու՞ք»: