Հայկ Մարությանը մեր կուսակցության հետ կապ չունի. Հայկ Գրիգորյան
«Հայկ Մարությանը մեր կուսակցության հետ կապ չունի, իրենք ունեն իրենց կուսակցությունը։ Մեր մեջ տարաձայնությունները եղել են մեկ տարի առաջ տարբեր հարցերի շուրջ։ Մարությանի հետ մեր ճանապարհները բաժանված են»,-հայտարարեց Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով, կան հարցեր, որտեղ խնդիրն ավելի սուր է դրվում, նույնը վերաբերում է տրանսպորտի թանկացման դեմ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքին։
«Մենք կարծում ենք, որ այդ ստորագրությունները որևէ իրավական հետևանք չեն ունենալու, միգուցե ունենա բարոյական հետևանք, բայց մեր գնահատմամբ, «Քաղաքացիական պայմանագիրն» այն կուսակցությունը չի, որ ստորագրությունների բարոյական ազդեցության ներքո ինչ-որ քայլի գնա։ Ուզում է՝ 2 մլն ստորագրություն հավաքվի թղթի վրա, միևնույն է, տրանսպորտի գինը չի փոխվելու»,-ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով, քաղաքապետարանում ՔՊ-ի հետ աշխատանքը ցույց է տվել, որ նրանք անում են այն, ինչ ուզում են, իսկ այս ընթացքում բերել են միայն թանկացումների նախագծեր, որևէ այլ բարեփոխում չկա։
«Ես ավագանիում եմ, տեսել եմ կարմիր գծերի թանկացում, տրանսպորտի թանկացում, խղճուկ զեղչեր, շինթույլտվությունների թանկացում, պետտուրքերի ու այլ տարիֆների բարձրացում։ Իրենց մոտեցումն այս է, թանկացնենք, որ մանկապարտեզ կառուցենք, բայց մանկապարտեզ կառուցելու համար թող ծախսերը կրճատեն։ Նույն Ավինյանը ԱՄՆ գնում է բիզնես կլասով, 7 մլն դրամով։ Մենք խոսում ենք բյուջեն վատնելուց, իրենք ասում են՝ բյուջեում գումար չկա։ Ստորագրահավաքի փոխարեն մենք առաջարկել ենք Ավինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթաց»,-ասաց նա։