Բայդենը ներում է շնորհել որդուն՝ Հանթեր Բայդենին զենքի օրենքի խախտման և հարկերից խուսափելու գործերով

Վաշինգտոն – ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել որդուն՝ Հանթերին, ով այս ամիս դատապարտվել էր զենքի և հարկային իրավախախտումների համար և կարող էր տարիներով ազատազրկվել։

Բայդենն ամիսներ շարունակ խոստացել էր, որ ներում չէր շնորհելու իր 54-ամյա փաստաբան որդուն, ով տարիներ շարունակ կոկաինի կախվածություն է ունեցել:

Սակայն նախագահը կիրակի ուշ երեկոյան հայտարարության մեջ նշել է, որ Հանթեր Բայդենի հետապնդումը ընտրովի էր և արվում էր քաղաքական դրդապատճառներով, որի նպատակն էր վնասել նրա վերընտրության քարոզարշավը, նախքան նա հուլիսին դուրս մնաց ընտրապայքարից:

«Նրա գործերով մեղադրանքները ծագեցին միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսում իմ քաղաքական հակառակորդներից մի քանիսը դրդեցին նրանց հարձակվել ինձ վրա և ընդդիմանալ իմ ընտրությանը», – ասել է Բայդենը:

Հանթեր Բայդենը հունիսին դատապարտվել է երեք մեղադրանքներով՝ 2018 թվականին զենք գնելու համար: Դատախազները նշել են, որ նա դաշնային կեղծ պնդումներ է արել, թե ապօրինի թմրանյութեր չի օգտագործել և կախվածություն չունի:

Նա նաև մեղավոր է ճանաչվել ինը դաշնային հարկային մեղադրանքների գործով: Նրան մեղադրել են առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ:

Դեկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում նշանակված դատավճռի լսումների ժամանակ նրան սպառնում էր մինչև 17 տարվա բանտարկություն, թեև դատավճռի փորձագետները ասում էին, որ, ամենայն հավանականությամբ, որպես առաջին հանցագործություն, նա ճաղերի հետևում կլիներ 36 ամսից ոչ ավել:

Հանթեր Բայդենին զենքի գործով սպառնում էր ավելի խիստ առավելագույն պատիժ՝ մոտ 25 տարի: Սակայն ավելի հավանական է, որ, հիմնվելով նախկինում նմանատիպ գործերի արդյունքների վրա, նրան կսահմանվեր ընդամենը մինչև 16 ամիս պատիժ:

Հանթեր Բայդենը հայտարարության մեջ ասել է. «Ես ընդունել և պատասխանատվություն եմ վերցրել կախվածությանս ամենամութ օրերին գործած իմ սխալների համար, որոնք օգտագործվել են ինձ և իմ ընտանիքն որպես քաղաքական սպորտ հրապարակայնորեն նվաստացնելու համար»:

Նախագահն իր հայտարարության մեջ ասել է, որ հուսով է, որ «ամերիկացիները կհասկանան, թե ինչու է նա եկել այդ որոշմանը որպես հայր և նախագահ»:

«Իմ ողջ կարիերայի ընթացքում ես հետևել եմ մի պարզ սկզբունքի. պարզապես ճշմարտությունն ասել ամերիկացի ժողովրդին: Նրանք արդարամիտ կլինեն: Ահա ճշմարտությունը. ես հավատում եմ արդարադատության համակարգին, բայց քանի որ ես պայքարել եմ դրա հետ, ես նաև հավատում եմ, որ քաղաքականությունը վարակել է այս գործընթացը և հանգեցրել արդարադատության սխալի,: Երբ ես շաբաթավերջին կայացրեցի այս որոշումը, այն ավելի հետաձգելն իմաստ չուներ »,- ասել է Բայդենը։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է այդ քայլը՝ այն անվանելով «չարաշահում և արդարադատության սխալ»՝ համեմատած հարյուրավոր Թրամփի կողմնակիցների հետ, ովքեր բանտարկվել են հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։

Թրամփը հայտարարել է, որ կմտածի հունվարի 6-ի հետևանքով բանտարկվածներին ներում շնորհելու մասին, երբ նորից ստանձնի իշխանությունը՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ Նրանցից ոմանք արդեն կրել են իրենց պատիժը, բայց շատերը դեռ տարիներ շարունակ պետք է բանտում անցկացնեն:

Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամկետի վերջին փուլում ներում էր շնորհել Չարլզ Քուշներին՝ իր փեսայի Ջարեդ Քուշների հորը, ով դատապարտվել էր հարկային իրավախախտումների և այլ մեղադրանքների համար։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ավագ Քուշներին առաջադրել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Թրամփը նաև ներում է շնորհել ազգային անվտանգության իր նախկին խորհրդականներից Մայքլ Ֆլինին, նախընտրական շտաբի նախկին մենեջեր Փոլ Մանաֆորթին, նախկին գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնին, նախընտրական արշավի օգնական Ջորջ Պապադոպուլոսին և այլոց:

Նախագահ Բայդենի կողմց իր որդուն ներում շնորհելու վերաբերյալ արձագանքները տարբեր էին ԱՄՆ քաղաքական դաշտում:

Կոլորադոյի դեմոկրատ նահանգապետ Ջարեդ Պոլիսն հայտնել է, որ թեև հասկանում է Բայդենի «բնական ցանկությունը» իր որդուն օգնելու համար, նա միևնույնն է «հիասթափված է, որ նա իր ընտանիքն առաջ է դասել երկրից: Սա վատ նախադեպ է, որը կարող է չարաշահվել հետագա նախագահների կողմից և ցավոք սրտի կվնասի նրա հեղինակությունը»:

Արիզոնայից դեմոկրատ կոնգրեսական Գրեգ Սթենթոնն նշել է. «Ես հարգում եմ նախագահ Բայդենին, բայց կարծում եմ, որ նա սխալ է այս հարցում: Սա քաղաքական դրդապատճառներով հետապնդում չէր. Հանթերը հանցագործություններ է կատարել և դատապարտվել ժյուրիի կողմից»:

Այովա նահանգից հանրապետական սենատոր Չակ Գրասլին գրել է X-ում, որ «ցնցված է» ներման որոշումից, քանի որ նախագահը «շատ ու շատ անգամներ ասել էր, որ դա չի անելու և ես հավատում էի նրան»:

Սակայն դեմոկրատ Էրիկ Հոլդերը, ով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ գլխավոր դատախազն էր, ասել է, որ նախագահի որդին քրեական հետապնդման է ենթարկվել միայն այն պատճառով, քանի որ նրա ազգանունը Բայդեն է:

Նյութը պատրաստվել է Associated Press-ի և Reuters-ի հոդվածների հիման վրա:

«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս