Արա՛ Ռեմ, խփել ես, մեռավ, փախանք. ինչպես է դատախազությունը փրկում հարբած ծեծկռտուք հրահրող, մարդու վրա կրակող իր դատախազին. ո՞վ է այս գործի կուրատորը
Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտ կրակոցներ էին հնչել: Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, պարեկները նկատել էին Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված Mercedes G 55 և Toyota Camry ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել էին փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 պարկուճ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, որն անմիջական առնչություն է ունեցել միջադեպին և դրա հետևանքով վնասվածքներ է ստացել։
«Ոստիկանները պարզել են, որ ժամը 00։05-ի սահմանում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում Toyota Camry-ի և Mercedes G 55-ի վարորդների միջև միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը, դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել»,- նշված էր Shamshyan.com-ի հրապարակման մեջ։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականում հրապարակման վերոբերյալ հատվածում անճշտություն կա, քանի որ հիշատակված են մասնավորապես միջադեպի հետ կապ չունեցող անձինք, բայց այդ մասին՝ ավելի ուշ: Շատ ավելի կարևոր է՝ ովքեր են միջադեպի մասնակիցները, ինչին էլ օրեր առաջ անդրադարձել էին մեր գործընկերները՝ պարզելով, որ կրակոցների միջադեպի մասնակիցներից է Արարատի մարզի դատախազի տեղակալ, առաջին դասի խորհրդական Ռեմ Ռշտունին, ով այդ պաշտոնին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել էր 2023թ. հունվարի 26-ին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Քրեական ենթամշակույթի նկատմամբ առանձնահատուկ թրթիռ ունեցող Ռեմ Ռշտունին, ինչպես 168.am-ը պարզեց, առանցքային դերակատարություն ունի այս միջադեպի գործում, որը հրաշքով չի ավարտվել մարդկային զոհերով, սակայն գործի ընթացքը ցույց է տալիս, որ վերջինիս ամեն գնով ցանկանում են չոր դուրս բերել այս պատմությունից:
նշանակվել էր
168.am-ը փորձեց հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել իրականում, ինչի՞ց է սկսվել 2 մեքենաների միջև հարաբերությունների պարզումը, և, ամենակարևորը, ինչ է տեղի ունենում հիմա:
Ի՞նչ է պատմում տուժող Վահագն Մադաթյանը:
Միջադեպի մասնակից Toyota Camry-ի սեփականատեր, Երևանի 50-ամյա բնակիչ Վահագն Մադաթյանի խոսքով, ով հրաշքով է կենդանի մնացել Քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպից շուրջ 40 րոպե անց իր իսկ տան բակում ստացած հրազենային վնասվածքներից, վիճաբանությունը սկսվել է չնչին առիթից:
«Խաչմերուկում գիշերը 12:00-ի սահմաններում երկու մեքենաներով կանգնած էինք, երկուսիս պատուհաններն էլ բաց: «Մերսեդես»-ում գտնվողներին հարցրեցի՝ հնարավո՞ր է ատամի չոփ կամ որևէ սուր բան ունենան, iqos-ի ֆիլտրն էի ցանկանում հանել: Պատասխանեցին՝ արա՛, ի՞նչ իմացար, որ մեզ մոտ պետք է ատամի չոփ լիներ: Ասացի՝ եթե վիրավորել եմ, կներեք»,- պատմեց Վահագն Մադաթյանը:
Պատմությունը, սակայն, դրանով չի ավարտվել. «Մերսեդես» մակնիշի մեքենայի ուղևորները հաջորդիվ ցանկանում են ճշտել իրենցից ատամի չոփ ուզող Վահագն Մադաթյանի բնակության վայրը, հետո հրահանգում են կանգնեցնել մեքենան, ամեն կերպ թեժացնում են վիճաբանությունը:
«Եղբորս որդու՝ Ռուբեն Մադաթյանի ծննդյան տարեդարձը տոնելուց էինք վերադառնում: Չցանկացա, որ օրը հարամվի, մեքենայից իջա, իրենց մեքենայի դուռը բացեցի, որ խոսենք, հասկանանք միմյանց: Ինձ առաջարկեցին նստել իրենց մեքենան, այնտեղ խոսել: Նստեցի մեքենան, քշեցին՝ առանց դուռը փակելու: 2-3 խաչմերուկ առանց մեքենան կանգնեցնելու քշում էին, և միայն Քաղաքապետարան չհասած՝ Ֆրանսիական դեսպանատան մոտ կարմիր լույսի տակ կանգնեցին: Իմ մեքենայի ղեկին փեսաս էր՝ եղբորս դստեր ամուսինը, ում խնդրել էի վարել մեքենան, քանի որ բացարձակ սթափ էր, ալկոհոլ չէր օգտագործել: Եկավ, կանգնեց մեքենայի կողքը ու հասկանալով, որ մեքենայի մեջ կոպիտ խոսակցություն է, ինձ ցանկանում են առևանգել, մեքենայի դիմացը կտրեց, որ ինձ չտանեն: Միայն հարբած չէին, այն վիճակում էին բոլորը, որ հետները խոսել չէր լինում: Վատ բան չէի ասել, բայց 3 անգամ ներողություն խնդրեցի, որ թողնեն-գնան, չեղավ»,- շարունակեց իրավիճակը ներկայացնել Վահագն Մադաթյանը:
Երկու մեքենաներում էլ 3-ական անձ է եղել, ընդ որում, «Մերսեդեսի» բոլոր 3 ուղևորները հարբած են եղել, ինչը հետագայում փաստաթղթավորվել է::
«Արդեն Քաղաքապետարանի մոտ մեքենայից իջանք, երբ հետևի նստատեղում նստածն ինձ խփեց: Կարմիր բլուզով տղան էր: Պտտվեցի, որ տեսնեմ՝ ով է, էլի խփեց, արդեն՝ դեմքիս, ու կռիվը այդտեղից սկսվեց»,- ասաց Վահագն Մադաթյանը:
Մամուլում այդ կռվի տեսանյութը հրապարակվել է, և ինչպես արդեն հետագայում է պարզվել, ծեծկռտուքի ակտիվ մասնակիցը, ումից էլ սկսվել է այն, հենց Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին է:
«Կարմիր բլուզով տղան ինձ ասում էր՝ դու պիտի ինձ չհանդիպեիր, գոռում էր՝ «բագաժնիկը» բացե՛ք, զենքը հանե՛ք: Ու այդ պահին հեռվից կրակոցի ձայն եմ լսում, ու բոլորը փախչում են: Կրակոցն արձակողը մոտենում է, տեսնում եմ՝ եղբորս տղան է՝ Ռուբենը, հարցնում է՝ հոպար, լա՞վ ես, ասում եմ՝ հա: Բոլորը գնում են, հետո տեսախցիկների ձայնագրությամբ եմ նաև տեսնում, որ եղբորս տղան պարեկների հետ կանգնած է: Փողոցն անցա, եղբորս տղան մեքենայով եկավ, դեմքս արյուն էր, մեքենայի մեջ եղած ջրով լվացի երեսս, ու գնացինք տուն: Մեր տան բակում եղբորս տղան ինձ իջեցնում է մեքենայից, որ գնա: Մոտենում եմ իմ տան դարպասներին, ինձ դիմավորում է ծեծկռտուքի մասնակից «Մերսեդեսի» վարորդը: Ու այդ պահին հետևիցս ճտճտոց եմ լսում, փորձում եմ փախչել, բայց հետևիցս կրակում էին, չէի կարող: Ու էլ տեղ չկար փախչելու: Կրակողը մոտենում է, ևս 3 անգամ կրակում իմ ուղղությամբ: 2 գնդակը կպչում է, 1-ը՝ ոչ: Արդեն ընկած տեղից լսում եմ ինձ իմ տան դարպասների մոտ դիմավորած «Մերսեդեսի» վարորդի ձայնը՝ արա՛ Ռեմ, խփել ես, մեռավ սա, փախանք»,- ասաց Վահագն Մադաթյանը՝ հավելելով, որ անունն այդ ժամանակ է լսել ու նույնիսկ այդ ժամանակ չի իմացել, որ Ռեմ անունով տղան դատախազ է:
Ընդհանուր առմամբ 5 կրակոց է արձակվել: Փամփուշտներից երկուսը չեն կրակվել, և դրանք դեպքի վայրից գտել են, մնացած 3-ից երկուսը հասել են նպատակակետին, և Վահագն Մադաթյանն աճուկային շրջանում հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել: Դեպքին ականատես են եղել հարևանները, ովքեր լուսամուտներից նայել են, նրա ընտանիքի անդամները, իրեն առաջին օգնություն ցուցաբերողները: Տեսանյութում երևում է անգամ՝ ինչպես են կրակոցներ արձակելուց հետո հեռանում 2 մեքենաները՝ իրենց 6-8 ուղևորներով, բայց նախաքննական մարմինը, որն ի դեպ արդեն իսկ փոխվել է, և այժմ գործը քննվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում, որևէ մեկին հարցաքննության չի հրավիրել, չեն փորձել պարզել Վահագն Մադաթյանին իր տան դարպասների մոտ դարանակալողի ու հետևից կրակոցներ արձակողի ինքնությունները, և առհասարակ այս միջադեպը, որն անմիջապես քաղաքապետարանի միջադեպի շարունակությունն է, փորձում են ծածկադմփոց անել թերևս այն պատճառով, որ, ըստ տուժողի ու նրա փաստաբանի, կիզակետում դատախազ է:
Կրակոցների ձայնը լսելով՝ Վահագն Մադաթյանի եղբորորդին՝ Ռուբենը, հետ է գալիս, ու հորեղբորը հարևանների օգնությամբ ներս են տանում, վիրակապում, ինչից հետո Վահագն Մադաթյանն ու եղբորորդին գնում են իրենց՝ Դավիթաշենում գտնվող բնակարանն ու մնում այնտեղ:
Մեկ անգամ ևս արձանագրենք. Քաղաքապետարանի մոտի կրակոցներից շուրջ 40 րոպե անց միջադեպի մասնակիցներից մեկը հրազենային վնասվածք է ստանում նույն ծեծկռտուքի մյուս մասնակցի արձակած կրակոցներից, ու այդ գործով մեղադրյալ չկա: Մինչդեռ Վահագն Մադաթյանի եղբորորդին՝ Ռուբեն Մադաթյանը, կալանավորված է սպանության փորձի մեղադրանքով, քաղաքապետարանի մոտ կրակոցներ արձակելու համար:
Հրապարակված տեսանյութում սակայն հստակ երևում է, որ Ռուբեն Մադաթյանը կրակոցներ է արձակել զենքը գլխավերևում պահած, այսինքն՝ օդ է կրակել, որ ծեծկռտուքի մասնակիցները ցրվեն: Բացի դրանից, կան զենքի և արձակված պարկուճի փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ կրակոցներն արձակվել են խուլ փողով ձայնաազդանշանային զենքից, իսկ պարկուճը ռազմամթերք չի հանդիսանում: Հետևաբար՝ այն կյանքի համար որևէ կերպ չէր կարող վտանգավոր լինել:
Այսինքն՝ գործ ունենք կրկնակի ստանդարտների հետ, երբ մի դեպքում կա կալանավորված երիտասարդ, երբ ի սկզբանե էլ պարզ էր՝ կրակոցներն ինչ նպատակով են արձակվել և որևէ կերպ կյանքի համար վտանգավոր չէին կարող լինել, իսկ մյուս դեպքում հարբած դատախազի կողմից ծեծկռտուք հրահրելու, ապա նրա կողմից անձին վրեժի շարժառիթով նրա կյանքի համար վտանգավոր հրազենային վիրավորում հասցնելու դեպք, որի արդյունքում անգամ մեղադրյալ չկա:
Ի դեպ, հատկանշական է, որ լինելով իրավապահ մարմնի ներկայացուցիչ, դատախազ Ռեմ Ռշտունին քաղաքապետարանի միջադեպից հետո հանցագործության մասին հաղորդում չի տվել, բժշկական կենտրոն ներկայացել է միջադեպից շուրջ 12 ժամ անց, երբ թվում էր՝ պետք է որ ամեն վայրկյանն էական լիներ, հատկապես, երբ կարդում ես դատախազության պատկերացումները նրա ստացած վնասվածքների մասին:
«2024 թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:22-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ, լսվել են կրակոցի նմանվող ձայներ, որից հետո նկատել են մի քանի ավտոմեքենաներ, որից մեկի վարորդը վազելով դիմել է փախուստի: Քաղաքացիներից մեկի գլխին եղել են արյան հետքեր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ դատախազ Ռեմ Ռշտունին ստացել է բաց գանգուղեղային վնասվածք, ձախից քունքոսկրի բազմաբեկոր ներհրված կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ և սուբարախնոիդալ արյունազեղումների ձևով: Ռեմ Ռշտունին ճանաչվել է տուժող, իսկ 5 անձանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով»,- սա Գլխավոր դատախազությունից ստացված պատասխանն էր՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք դատախազությունում կա կարգապահական կամ որևէ այլ վարույթ իրենց դատախազի կողմից հարբած ծեծկռտուք հրահրելու, ապա անձին հետապնդելու, նրա վրա կրակելու վերաբերյալ:
Արձանագրենք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առնվազն չի հետաքրքրել իր դատախազի բարոյական նկարագիրը. ինքը զբաղված է դատախազության դեմքը փրկելով, իսկ ողջ իրավապահ համակարգը լծվել է դատախազին փրկելու սուրբ գործին:
Վահագն Մադաթյանը միայն 6 օր անց է դիմել բժշկական կենտրոն, երբ հասկացել է, որ կյանքին սպառնացող վտանգ կա, երկար բուժվել է, մինչդեռ, ինչպես ինքն է ասում, ձայնագրությունների մեջ էլ երևում է, որ իբր ծանր վնասվածք ստացած դատախազը հանգիստ գնում է:
«Ինձ վրա կրակելուց հետո ոչ մի ոստիկան չի եկել, էդքան հարևան է տեսել, ոչ ոքի չեն կանչել: Մեր տան մեջ 20 հոգի մարդ է ապրում, միայն քենուս են հարցաքննել, այն էլ՝ նրա պնդմամբ: Հարևանները մինչև կրակոցները, մեքենաների ձայնից արդեն դրսում էին, բայց ոչ ոք մեղադրյալ չէ, թեպետ ես տուժող եմ: Քաղաքապետարանի միջադեպի գործով Մերսեդեսի ուղևորներից որևէ մեկը մեղադրյալ չէ: Ի՞նչ է, կռիվը միակողմանի՞ է եղել: Այնպիսի մարդկանց են մեղադրանք առաջադրել, ովքեր անգամ դեպքի վայրում չեն եղել: Գնացել են այն ռեստորան, որտեղ եղբորս որդու տարեդարձն ենք նշել, ճշտել են՝ ովքեր են մասնակցել, բոլոր ընկերներին՝ 5 հոգու, մեղադրանք են առաջադրել, երբ, կրկնում եմ, անգամ այդտեղ չեն եղել: Ռուբենի ընկերներից մեկը անգամ ծննդյան խնջույքն ավարտվելուց 1 ժամ շուտ տուն է գնացել, նրան էլ են սպանության փորձի մեղադրանք առաջադրել»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Վահագն Մադաթյանը:
Վերջինս տարակուսած է, ասում է՝ կռիվը ես եմ արել, ինձ մեղադրանք չեն առաջադրել, որովհետև եթե ինձ մեղադրանք առաջադրեն, ինձ վրա կրակելու գործին էլ պետք է ընթացք տան:
«Կռիվը ես եմ արել, Ռուբենի ու մյուս երեխեքի վրա են դրել սպանության փորձի հոդված: Դատարանում քննիչն ասաց՝ դատախազի ցուցումով եմ սպանության փորձի մեղադրանքը դրել»,- ասաց Վահագն Մադաթյանը:
Մենք զրուցեցինք նաև Ռուբեն Մադաթյանի պաշտպան, փաստաբան Հունան Բաբայանի հետ:
«Գործի մեջ տվյալներ կան, որ դատախազը վարույթը սպանության փորձի փոխակերպելու ցուցում է տվել: Սովորաբար դատական նիստին դատախազներ չեն լինում, բայց այս գործով դատախազի ներկայանալը ու նրա ելույթը դատարանում ինքնին վկայությունն է այն բանի, որ կողմնակալ վերաբերմունքի հետ գործ ունենք, ու իրենք եկել են՝ պաշտպանելու դատախազին»,- ասաց Հունան Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Մադաթյանի մեղադրանքի որոշման մեջ հանրային մեղադրողը գրել է՝ «մի խումբ անձինք, այդ թվում՝ իմ վստահորդ Ռուբեն Մադաթյանը, Արշակունյաց պողոտայում զենքի գործադրմամբ խուլիգանություն են արել, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակել են Ռ. Ռշտունու՝ կենսական կարևոր օրգան համարվող գլխի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք»: Մի խումբ անձինք, ըստ պաշտպանի, դեպքի վայրում չեղած Ռուբեն Մադաթյանի ընկերներն էին ու ընդհանրապես Հայաստանից բացակայող, Մոսկվայում այդ պահին գտնվող Վահագն Մադաթյանի որդին՝ Դավիթ Մադաթյանը:
«Սա անհեթեթություն է: Ես ու Ռուբեն Մադաթյանն այդ զենքը՝ իր թույլտվությամբ, որի մեջ գրված է, որ այն ձայնաազդանշանային է, ներկայացրել ենք քննիչին: Բայց նույնիսկ սա չի կանգնեցրել դատախազությանը, որ այս անհեթեթ մեղադրանքից հետ կանգնեն: Իհարկե, առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, հաստատել է, որ սպանության փորձի հիմնավոր կասկած չկա, ու թեպետ աննախադեպ խիստ համակցված խափանման միջոցներ է ընտրել՝ տնային կալանք ու 10 մլն դրամ գրավ, բայց չի կալանավորել: Դատարանը միայն խուլիգանության վերաբերյալ կասկած էր տեսել: Ի՞նչ սպանության փորձի մասին է խոսքը»,- ասաց Հունան Բաբայանը:
Վերջինս նկատեց՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը սակայն, որը, ինչպես հետո իրենք են պարզել, աշխատել է Արարատի մարզի դատարանում, բեկանել է որոշումն ու կալանավորել:
«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ Հարություն Պետրոսյանի նկատմամբ առնվազն ազդեցություն կա, եթե ոչ՝ ճնշում: Նա Վերաքննիչ է եկել Արարատի մարզի դատարանից, իսկ մարզի դատախազի տեղակալը Ռեմ Ռշտունին է: Ընտրված խիստ խափանման միջոցի պայմաններում, երբ խափանման միջոցի որևէ պայման իմ պաշտպանյալը չի խախտել, տարօրինակ կերպով բեկանվում է առաջին ատյանի կայացրած որոշումը»,- տարակուսում է Հունան Բաբայանը:
Նրա խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում կալանքի նիստի ժամանակ դատավորը մեղադրանքի կողմին հարցրեց՝ «տուժողը՝ Վահագն Մադաթյանը, ցուցմունք է տվել, որ իր վրա կրակել է ձեր գործով անցնող Ռ. Ռշտունին, դուք այդ անձի այլուրեքությունը ստուգե՞լ եք, այդ անձը՝ Ռ. Ռշտունին, իրականում այդտեղ եղե՞լ է: Քննիչն ու դատախազը պատասխանում են, որ Ռեմ Ռշտունին իր ցուցմունքում ասել է՝ այդ ժամին գտնվել է իր ընկերոջ տանը: Դատավորը կրկին հարցնում է՝ բայց դա ստուգե՞լ եք: Գիտե՞ք՝ ինչ են պատասխանում… Չեն ասում՝ մենք կստուգենք, ասում են՝ մենք կհաստատենք, որ ինքն այդտեղ չի եղել»:
«Ես այդ ձայնագրությունն ունեմ: Այսինքն՝ չեն ասում՝ կստուգենք, ասում են՝ կհաստատենք: Բա եթե սա կանխակալ վերաբերմունք չէ, ի՞նչ է: Եթե դուք շահագրգիռ չեք, ինչո՞ւ եք վստահ ասում, բա մի հատ ստուգեք, տեսեք, միգուցե այդպես չէ»,- ասաց Հունան Բաբայանը:
Պաշտպանը նշում է՝ շատ տարօրինակ պասիվ քննություն է ընթանում, և առնվազն գործը մինչև ՀԿԳ վարչություն գնալը, ուր հսկող դատախազը հիմա արդեն Մարդու դեմ կատարվող հանցագործությունների վարչության դատախազ Հրանտ Ներսիսյանն է, Երևան քաղաքի վարչությունում կատարվել է ակնհայտ կողմնակալ, պասիվ քննություն: Ուշագրավ է, որ այստեղ հսկող դատախազը եղել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ Արսեն Վարդանյանը:
«Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում չեք կարող գտնել մի քրեական վարույթ, որտեղ ակներևության պայմաններում, հրազենի գործադրմամբ, 5 անգամ կրակելու, մարդուն միջանցիկ հրազենային վնասվածք պատճառելու դեպքով հարուցվի քրեական գործ՝ միջին ծանրության մարմնական վնասվածքով: Սա տեղի է ունենում վարույթի նկատմամբ դատախազության ակնհայտ ճնշումների պայմաններում, որպեսզի սպանության փորձով գործ չհարուցվի՝ դրանից բխող հետևանքներով: Այս նույն բանը նաև Գլխավոր դատախազին եմ գրել»,- ասաց Հունան Բաբայանը:
Վերջինս նկատեց՝ քանի որ գործում դատախազ կա ներգրավված, իրենք տարբեր դիմումներ են գրել, որ գործը քննվի Հակակոռուպցիոն կոմիտեում, մասնագիտացված կառույցում, բայց ապարդյուն:
«Եթ գլխավոր դատախազն անաչառ է ու այս գործում այլ շարժառիթներ չունի, նա առնվազն պետք է շահագրգռված լինի գործն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որ տեսնի՝ իր դատախազն ինչ ներգրավվածություն ունի: Դա հատուկ չի արվում»,- ասաց Հունան Բաբայանը:
Այն, որ Ռեմ Ռշտունին դատախազությունում ազդեցիկ հովանավորներ ունի, Վահագն Մադաթյանը ոչ միայն չի կասկածում, այլև վստահ է:
«Ռեմ Ռշտունու մորաքրոջ տղան՝ Գագիկ Մարգարյանը, Գլխավոր դատախազությունում վարչության պետի տեղակալ է (Արագածոտնի մարզի նախկին դատախազ: Այս տարվա ամռանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին,- Գ.Ս.): Այս գործի ողջ վերահսկողությունն ու կուրացիան ինքն է անում: Հավաքում է վկաներին: Ես մեր տուն իրենց տան մոտով եմ անցնում: Անձամբ եմ տեսել՝ ինչպես էր Գագիկ Մարգարյանը Մերսեդեսի վարորդի կողքի նստածին ու Ռեմ Ռշտունուն ցուցումներ տալիս»,- ասաց Վահագն Մադաթյանը՝ հիշելով նաև, որ դեռ եղբորորդուն կալանավորելուց 5 օր առաջ իրեն ասել են՝ Ռուբենին տանելու են Չոբանքարա («Արմավիր» ՔԿՀ.- Գ.Ս.), երբ տղան դեռ տնային կալանքի վայրում էր, այսինքն՝ գիտեին՝ դատարանը բեկանելու է, երեխան էլ հայտնվելու է կալանավայրում:
Վահագն Մադաթյանը կասկածներ ունի նաև, որ հենց պայմանավորված Գագիկ Մարգարյանի զբաղեցրած պաշտոնի բնույթով ու համակարգված ոլորտով է Ռեմ Ռշտունին ստացել համապատասխան բժշկական եզրակացությունը:
Վահագն Մադաթյանի շահերի ներկայացուցիչը՝ Դավիթ Դիլբարյանը, նույնպես մտավախություն ունի, որ ուղղորդված քննություն է ընթանում:
«Այն հանգամանքը, որ չոփ ուզելը կարող է վիրավորական դիտվել ու այն աստիճանի զարգացում ունենալ, որ վերածվի ծեծկռտուքի, խոսում է այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն ադեկվատ չեն եղել, չեն կարողացել իրենց կառավարել: Մարդը սթափ վիճակում չի կարող նման չնչին բանին այդ կերպ արձագանքել»,- ասաց Դավիթ Դիլբարյանը:
Նա նշեց՝ Վահագն Մադաթյանի նկատմամբ կատարվածը կանխամտածված սպանության փորձ է:
«Երբ դու 5 անգամ նպատակադրված կրակում ես մարդու վրա, պետք է ենթադրես, որ մի փամփուշտը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Այսինքն՝ գործ ունենք ուղիղ դիտավորությամբ սպանության փորձի հետ: Ու այս գործով սպանության փորձի հանցակազմով քրեական վարույթ չի հարուցվում, բայց քաղաքապետարանի կրակոցների գործով հենց այդ հոդվածով է հարուցվում: Ճիշտ է, օրենքն ասում է, որ քննիչն ինքն է որոշում իր գործողությունների հերթականությունը, բայց դրանք մեզ համար առնվազն կասկածելի ու տրամաբանական չեն: Մարդուն մի հատ դանակով քերծում են, ասում են՝ սպանության փորձ է, բայց մարդու վրա 5 անգամ կրակել են, ասում են՝ միջին ծանրությունով ենք հարուցում քրեական վարույթը: Սա խոսում է այն մասին, որ կա կանխակալ վերաբերմունք՝ ինչպես հսկող դատախազի, այնպես էլ Դատախազության՝ որպես կառույցի կողմից»,- ասաց Դավիթ Դիլբարյան:
Պաշտպանը նշեց՝ իրենք ասել են, որ Ռեմ Ռշտունուն հարվածներ հասցրել է Վահագն Մադաթյանը, ինքնապաշտպանական նկատառումներով, բայց դրան ընթացք չի տրվում, իսկ կալանավորվում է Ռուբեն Մադաթյանը:
«Քրեական վարույթի ընթացքում գործողություններն անհապաղ պետք է կատարվեն, որովհետև կան ապացույցներ, որոնք կարող են ոչնչացվել, բայց չեն արվում: Իրավական առումով մենք այստեղ բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, առաջին հերթին՝ դատախազության հովանավորչությունը»,- ասաց Դավիթ Դիլբարյանը:
168.am-ը դիմեց Քննչական կոմիտե՝ փորձելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:
1. Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունու կամ ենթադրաբար այլ անձանց կողմից հրազենով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ի՞նչ վարույթ է նախաձեռնված: Եթե վարույթը սպանության փորձի հանցակազմով չի հարուցված, ապա ի՞նչ պատճառաբանությամբ, որովհետև տուժող Վահագն Մադաթյանը հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել ուղիղ իր վրա արձակված կրակոցների արդյունքում:
2. Այդ արարքը կատարելու հետ կապված ովքե՞ր ունեն կարգավիճակ, և ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք: Ի՞նչ գործողություններ են կատարվել արարքը կատարողներին հայտնաբերելու համար: Ովքե՞ր են նրանք:ա
Գրավոր հարցման պատասխանները ստանալուն պես դրանք նույնպես կհրապարակվեն:
Եվ վերջում՝ հատկանշական է, որ Վահագն Մադաթյանին հրազենային վիրավորում հասցնելու գործը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ դեպքից 6 օր անց՝ սեպտեմբերի 21-ին, վերջինս դիմել է բժշկական կենտրոն: Մինչ այդ տարածքում, իհարկե, եղել են ոստիկաններ, բայց ոչ ոք ոչինչ չի լսել, պաշտպանության կողմն ինքն է պնդել, որ պարկուճը գտած մարդուն գոնե հարցաքննեն, մի ամիս հետո հազիվ հարցաքննել են:
Իրավապահ համակարգի ղեկավարների զանգվածային գլխատումից ժամանակավորապես փրկված Աննա Վարդապետյանին թվում է՝ իր՝ հարբած ծեծկռտուք հրահրած, ապա մարդուն հրազենային վիրավորում հասցրած դատախազին փրկելով, նրան արանքից հանելու համար ամեն ինչ անելով՝ ինքը փրկում է համակարգի դեմքը, բայց դա միայն իրեն թվում է, և թվում է առերևույթ: Վաղը չէ մյուս օրվա իր ստանալիս sms-ի համար հիմքեր ավելացնելը բոլորովին նրա շահերից չի բխում: