Բաժիններ՝

Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմանում պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված Mercedes G 55 և Toyota Camry ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց։

Toyota-ի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս եկել մեքենայից ու փախուստի դիմել, իսկ Mercedes-ի վարորդին պարեկները հետապնդել են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողացել են վնասազերծել Mercedes G 55-ը։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 պարկուճ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, որն անմիջական առնչություն է ունեցել միջադեպին և դրա հետևանքով վնասվածքներ է ստացել։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 00։05-ի սահմանում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում Toyota Camry-ի և Mercedes G 55-ի վարորդների միջև միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը, դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս