Հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ. արմատական ընդդիմադիր պատգամավոր եմ լինելու. Գեղամ Նազարյան

«Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, խնդրում եմ, նման մեկնաբանություն չտաք։ Տեղի է ունեցել համատեղ քննարկում և համատեղ քննարկման ընթացքում որոշում է  կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե իմ գործունեությունը շարունակեմ՝ որպես անկախ պատգամավոր»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խմբակցությունից իրեն հեռացնելուն։

Ըստ նրա, այս թեմայի վերաբերյալ խմբակցության տարածած հայտարարությունը պարզ ու հստակ է։

Գեղամ Նազարյանը նաև ասաց, որ խմբակցության հետ հանդիպումից բացի, հանդիպում է ունեցել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ միասին եկել են այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար պատգամավորն իր գործունեությունը շարունակի՝ որպես անկախ պատգամավոր։

«Որոշ հասարակական գործիչների, ֆեյսբուքյան ակտիվիստների ես ուղղակի մեկ խնդրանք-կոչ ունեմ՝ չփորձեք իմ խմբակցությունից դուրս գալը և անկախ պատգամավոր գործելը ներկայացնել, որ Գեղամ Նազարյանը դուրս է գալիս ու անցում կատարում դեպի ՔՊ։ Ընդհակառակը՝ Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- շեշտեց Գեղամ Նազարյանը։

Կարդացեք նաև

Լրագրողի ճշտող հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չէ՞ր տալիս ավելի ընդդիմադիր պատգամավոր լինել, Գեղամ Նազարյանը պատասխանեց՝ թույլ էր տալիս, «կեղտոտ մեկնաբանություններ են անում», թե դուրս է եկել խմբակցությունից, դարձել է նիկոլական և այլն, ուստի հատուկ շեշտում է՝ ավելի արմատական ընդդիմադիր։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ավելի բարոյական կլիներ, եթե վայր դներ մանդատը, Գեղամ Նազարյանն ասաց՝ այդ մասին մտածել է, որ եթե համատեղ աշխատանքը խնդիրներ է առաջացնում, գուցե ավելի լավ է առհասարակ դուրս գա։

«Հաշվի առնելով մի շարք խնդիրներ, որոնք ես պետք  փորձեմ լուծել կամ գոնե կարգավորեմ, այն աշխատանքի հետ կապված՝ օրենսդրական և ոչ միայն՝ կապված գործադիրի հետ շփումներով։ Խորհրդակցել եմ նաև որոշ մարդկանց հետ, որոնք, իհարկե, Մոսկվայում չեն, այլ իմ ընկերներն են՝ զոհված հերոս տղաների ծնողներ են։ Հետևաբար՝ եկել ենք ընդհանուր եզրահանգման, որ ես պետք է մնամ ու այդ խնդիրները լուծեմ»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ թե ինչո՞ւ է որոշել «Հայաստան» խմբակցության դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում հայտնել, Գեղամ Նազարյանը պատասխանեց, որ էապես տարբերվող դիրքորոշում չի հայտնել։

«Ուղղակի ինքս իմ տեսակով չեմ կարող չարտահայտել այն, ինչ մտածում եմ, իսկ դա բերեց նրան, որ իմ նման հայտարարություններն անտեղի, անհարկի մեկնաբանությունների տեղիք էին տալիս, և դրանք հարվածի տակ էին դնում խմբակցությանը։ Իսկ ինչո՞ւ եմ նման մեկնաբանություններ անում, որովհետև չեմ կարող մեկնաբանություն չանել։  Ես սիրում եմ և կողմ եմ այն տեսակետին, որ դու մարդու հետ պետք է լինես անկեղծ և մարդուն դատարկ ու անհենք հույսեր չտաս։

Ինձ ասում են՝ դուք եկել եք խորհրդարան Նիկոլին հեռացնելու համար, ասում եմ՝ չէ, ընկեր, այ, չէ, ընկեր բառը կտրում են ու ասում են՝ Գեղամ Նազարյանն ասաց՝ չէ։ Մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր դրել էինք դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները և դրա համար էինք պայքարում։ Հիմա արտահերթ ընտրություններին հո չէի՞նք մասնակցում, որ խորհրդարան գնայինք՝ որպես ընդդիմություն, ու հասնեինք հրաժարականին, չէ՝ մենք ընտրություններին մասնակցել ենք, որպեսզի դառնանք իշխանություն, սա պարզ չէ՞»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս