
Փաշինյանը 7 միլիարդ դրամով «ձայներ կգնի». առջևում ընտրություններ են

Կառավարության ուղիղ եթերով հեռարձակվող նիստերն ու պետական բյուջեն քարոզարշավի համար օգտագործող Նիկոլ Փաշինյանը, որի հրահանգով անտուն մնացած արցախցիներին Հայաստանի պետական բյուջեից այլևս ավելի քիչ գումար է հատկացվելու, որոշել է չբավարարվել «ասֆալտի» մասին քարոզով և անցնել փողով «ձայներ գնելու» մեթոդին՝ փողը վերցնելով պետական բյուջեից։
Թեև և՛ ֆինանսների նախարարությունը, և՛ Պետական եկամուտների կոմիտեն կանգնել են փաստի առաջ՝ բյուջեով պլանավորած հարկերի պլանն անհնար է կատարել, և մինչև տարեվերջ կլինի մոտ 250 միլիարդ դրամի թերակատարում կա, թեև Հայաստանի կառավարությունը պարտք է վերցնում, որ կարողանա սպասարկի պետական պարտքի տոկոսները, սակայն, միևնույնն է՝ Փաշինյանը «ձայներ գնելու» հարցում մնացել է անդրդվելի և որոշել «փող բաժանել» սոցիալական որոշ խմբերի՝ սոցիալական աջակցության անվան տակ։
Եվ այսպես, 250 միլիարդ դրամի թերակատարում ունեցող բյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է շուրջ 7 միլիարդ դրամ, որպեսզի մի շարք սոցիալական խմբերի տրվող աջակցության չափերը ավելացվեն։
7 միլիարդ դրամը կբաժանվի վետերաններին՝ որպես պատվովճար, երեխա ունեցող ընտանիքներին՝ որպես բնակարանային ապահովման համար ուղղվող գումար։ Կավելացվի նաև մայրության նպաստի, սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության, սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների չափը, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը։