«Այսօր առավել մեծ վտանգի առաջ ենք կանգնած, ՀՀ-ում պետք է պրոֆեսիոնալներ լինեն, որպեսզի կարողանան մինիմալ կորուստներով դուրս գալ այս ամենից». թուրքագետ

Սիրիայում իրավիճակը կրկին ծայրաստիճան լարվել է։ Ինչպես հայտարարել է Սիրիայի բանակը՝ Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի երեկոյան հզոր և լայնածավալ գրոհ է ձեռնարկել մեծ թվով ահաբեկիչներով, ծանր զինատեսակներով՝ հարձակվելով խաղաղ գյուղերի, քաղաքների և այս տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա։

Երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Սիրիայի Հալեպի շրջանում մարդասիրական առաքելություն իրականացնող Հայաստանի ստորաբաժանման բոլոր մասնակիցները՝ ականազերծողներն ու բուժաշխատողները, վերադարձել են Հայաստան:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվությունից հետո Իրանը կոչ է անում վճռական, համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը ողջ տարածաշրջանում։ Իրանի ԱԳՆ խոսնակը կրկնել է Իրանի շարունակական աջակցությունը Սիրիայի կառավարությանը և ժողովրդին։

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի բնորոշմամբ՝ Արևելքն այսօր ամբողջովին խճճվել է պատերազմի սարդոստայնում, ամեն օր մի տեղում նոր հակամարտություն է ծագում։

Կարդացեք նաև

«Շատերը համարում էին, որ սիրիական հակամարտությունը քնել է, բայց այդպես չէ, տեսանք, որ այսօր կրկին վիճակը թեժ է։ Այստեղ կարևոր է նշել թուրքական գործոնը և թուրքական տարածքային նկրտումները հատկապես Հալեպի նկատմամբ։ Թուրքիան փորձում  է ներկայացնել, թե այդ գործողություններն իրականացնում են ահաբեկչական կազմակերպությունները, բայց մենք տարբեր աղբյուրներից տեսնում ենք, որ զոհված ահաբեկիչների մոտ հայտնաբերվում են թուրքական պետության հետ կապ ունեցող տարատեսակ իրեր, հատկապես՝ թուրքական լիրա։

Հատկանշական է, որ վերջին հանդիպումներում Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողացել որոշակի համաձայնության գալ Սիրիայի հետ կապված։ Թուրքիայի նախագահը հայտարարում էր, որ պետք է հանդիպի Սիրիայի նախագահի հետ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Թուրքիան հայտարարեց, իբր թե իր տարածքների նկատմամբ ահաբեկչական կազմակերպությունների գործողությունները պետք է ամեն կերպ չեզոքացվեն։ Այսօր տեսնում ենք, որ այդ գործողությունների զարգացումը Սիրիայի տարածքում, Թուրքիան իր համար հիմք ստեղծեց այդ գործողություններն իրականացնելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Թուրքագետը վստահ է՝ շուտով ականատես կլինենք նաև հետաքրքիր անունով ռազմական գործողության իրականացման Սիրիայի տարածքում, որի վերջնական նպատակն է լինելու գրավել Հալեպ քաղաքը։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողությունների ազդեցությանը Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա, Մհեր Աբրահամյանն ասաց՝ ուղիղ գծով Սիրիան այդքան էլ հեռու չէ տարածաշրջանից, Մերձավոր Արևելքը՝ ևս։

«Այնտեղ ապրում են մեր հայրենակիցները, այս պահին այնտեղ բուռն գործողություններ են ընթանում, ինչը Հայաստանի համար բացասական վիճակ է։ Այն էլ այն պարագայում, երբ մեզանում պատերազմը նոր է ավարտվել, որից Հայաստանը պարտությամբ է դուրս եկել։ Հայաստանի ղեկավարությունը աչք է փակում ամեն ինչի վրա՝ զբաղվելով այլևայլ գործողություններով կամ հեծանիվ քշելով։ Այսօր Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի շուրջ տեղի ունեցողը Հայաստանի համար լի է վտանգներով, Հայաստանում պետք է պրոֆեսիոնալներ լինեն, որպեսզի կարողանան մինիմալ կորուստներով այս ամենից դուրս գալ, ինչը չհաջողվեց 2020 թվականին։ Այսօր առավել մեծ վտանգի առաջ ենք կանգնած, քանի որ Թուրքիան իր նպատակներն ունի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որը ևս Արևմտյան քաղաքականություն է՝ ուղղված Իրանի դեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է այս ամենն օգտագործվի՝ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու համար, Մհեր Աբրահամյանը պատասխանեց, որ վերջին տարիներին Իրանը մշտապես գտնվում է պատերազմին պատրաստ վիճակում և հաշվի առնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունները և առհասարակ Իրանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը, ամեն խողովակներով փորձում են Իրանին ներքաշել պատերազմի մեջ։

«Տեսնում ենք իսրայելական գործոնը, նաև Արևմուտքում տեղի ունեցող փոփոխությունները կարող են նոր ալիք ստեղծել՝ Իրանին պատերազմում ներքաշելու համար։ Մեր օրերում բացառել որևէ պետության պատերազմի մեջ ներքաշելու հանգամանքը, կարծում եմ՝ սխալ է, որովհետև աշխարհը լցված է պատերազմական բուռն գործողություններով»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս