«Նման իրավիճակը, ըստ Նիկոլո Մաքիավելիի, անխուսափելիորեն հանգեցնում է այդպիսի տիրակալի անկմանը»
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտավոր ամլություն ունեցողի մոտ Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» աշխատությունը մի իսկական «ավետարան» է, իսկ մաքիավելիզմը պարուրված է ինտրիգների և մանիպուլյացիաների շղարշի մեջ՝ որպես կյանքն ու իշխանությունը պահպանելու փիլսոփայություն։ Նրան ամենևին հասու չէ, որ մաքիավելիզմի էությունը ոչ թե իշխանավորի անհոգի ցանկությունն է՝ գործել հանուն իշխանության պահպանման, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից, այլ մարդկային հարաբերությունների բնույթի նուրբ ըմբռնման մեջ, որտեղ իշխանությունը միջոց է, նպատակ և գործելու անխուսափելիություն։
Իշխանությանը կառչածի համար Մաքիավելիի խոսքերը թվում են մարգարեական, քանի որ ըստ նրա իշխանությունը պահպանելու համար կառավարիչը կարող է և պետք է օգտագործի ցանկացած միջոց, ներառյալ խաբեությունը, մանիպուլյացիաները և նույնիսկ ուժը։ Բայց սա ամենևին չի նշանակում անմիտ բռնակալություն կամ իշխանության չարաշահում՝ անձնական հաճույքի կամ անձնական շահերի համար։
Այդ գործողությունները, ըստ Մաքիավելիի, կարող են համարվել արդարացված, եթե ապահովում են հանրային շահը, պետության կայունությունն ու բարգավաճումը։ Այս համատեքստում մաքիավելիզմը անհրաժեշտ է ընկալել որպես անձնական ցանկություններն ու զգացմունքները պետական անհրաժեշտությունից տարանջատելու ունակության և սառը հաշվարկի նուրբ արվեստ։
Այս համատեքստում տեղին է մաքիավելիզմը մակերեսային ու պրիմիտիվ ընկալողներին անհրաժեշտաբար հիշեցնել Մաքիավելիի հետևյալ խորը միտքը՝ առաջարկելով այն դարձնել իրենց համար իրենց քաղաքական կյանքն ուղեկցող մի իսկական ծանուցում․
«Եթե քեզ թագավոր են ընտրել, իսկ թագը քեզ վրա մեծ է ստացվել, ապա նախ այն կընկնի քո աչքերին ու դու կսկսես ոչինչ չտեսնել։ Այնուհետև, այն կընկնի քո ականջներին և դու կսկսես ոչինչ չլսել: Հետո այն կսահի քո շուրթերի վրա և դու չես կարողանա որևէ խոսք անգամ ասել: Ի վերջո, այն կընկնի քո վզին՝ շղթայելով քեզ, որից հետո քո իսկ ստրուկները քեզ կտանեն կառափնարան։ Եվ դու կտեսնես ու կլսես ամեն ինչ և կփորձես խոսել, բայց ոչ ոք քեզ չի նայի և ոչ ոք քեզ չի լսի»։
Ակնհայտ է, որ «չափազանցված թագը», փոխաբերական իմաստով խորհրդանշում է ղեկավարին վերապահված պարտականությունների և դրանք կատարելու՝ նրա կարողության կամ ցանկության անհամապատասխանությունը։ Նման իրավիճակը, ըստ Նիկոլո Մաքիավելիի, անխուսափելիորեն հանգեցնում է այդպիսի տիրակալի անկմանը»: