
Մոդին և Մակրոնը քննարկել են կապերի զարգացումը պաշտպանության, տիեզերքի և էներգետիկայի բնագավառներում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են կապերի զարգացումը պաշտպանության, տիեզերքի և քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի արտգործնախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Մոդիի և Մակրոնի հանդիպումը եղել է թվով երրորդը 2024 թվականին։
«Նրանք բարձր են գնահատել երկկողմ համագործակցության առաջընթացը, որը ձեռք է բերվել, այդ թվում, այնպիսի ռազմավարական բնագավառներում, ինչպիսիք են պաշտպանությունը, տիեզերքը և քաղաքացիական միջուկային էներգետիկան, և պարտավորվել են արագացնել դրա հետագա զարգացումը ռազմավարական ինքնավարության իրենց ընդհանուր հանձնառության ամրապնդման նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ։
Երկու ղեկավարները նաև բարձր են գնահատել «առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական կապերի ամրապնդումը, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառներում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։
G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի ղեկավարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Ինդոնեզիայի ղեկավարների հետ։ Նոյեմբերի 18-ից 19-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող G20-ի գագաթնաժողովին, բացի քսանյակի երկրներից, մասնակցում են նաև Բրազիլիայի կողմից հրավիրված պետությունների ղեկավարներ։ Գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 42 երկիր: