Բաժիններ՝

Պենտագոնը չի հաստատել ՌԴ-ի տարածքում մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորների մասնակցության մասին տվյալները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չունի տվյալներ, որոնք վկայում են Ռուսաստանի տարածքում մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության մասին: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ 

«Մեր գնահատումը դեռ այն է, որ, հավանաբար, մոտավորապես 11 000 հյուսիսկորեացի տեղափոխվում է Կուրսկ։ Անցյալ շաբաթ այդ թիվը 10-ից 11 հազար էր։ Մենք մի փոքր ավելի վստահ ենք, որ թիվը դրանից բարձր է… Մենք դա անկախ աղբյուրներից չենք հաստատել, բայց դրանով հանդերձ՝ նրանք հենց այնպես չեն Կուրսկ տեղափոխվում։ Մենք ակնկալում ենք, որ նրանք կմասնակցեն մարտական գործողություններին, բայց ես չեմ կարող այս պահին դա հաստատել», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կորեայից զինվորականներ են գտնվում։ Նա նշել է, որ նման հայտարարություններ անողներն իրենք են ընդգծում, որ չունեն համապատասխան հաստատումներ։

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Սպիտակ տունը Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված զենքերն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնի այս քայլը ձեռնարկվում է՝ հիմնականում ի պատասխան Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զինվորների տեղակայման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս