Կառավարությունը նախատեսում է կենդանիների կարանտինացման կարգ սահմանել
Իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում հրապարակվել են կենդանիների կարանտինացման կարգավորման վերաբերյալ մի շարք օրենքների նախագծեր։ Այս փոփոխությունները կոչված են հստակեցնել կենդանիների կարանտինացման գործընթացը, ինչպես նաև սահմանել լիցենզավորման և տեսաձայնագրման նոր ընթացակարգեր։
Նախագծերը ներկայացվել են՝ հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշմամբ նախատեսված նորմերը։ Այս նորմերը պահանջում են, որ կենդանիների նկատմամբ իրականացվեն կարանտինային միջոցառումներ, ինչը ներկայումս Հայաստանում իրավական կարգավորման բացակայության պատճառով հնարավոր չէ։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ կառավարությանը կվերապահվի կենդանիների կարանտինացման կարգը և լիցենզավորման ընթացակարգը հաստատելու լիազորություն, կենդանիների կարանտինացման գործունեությունը լիցենզավորվելու է՝ համապատասխան իրավական և տեսաձայնագրման պահանջներով, սահմանվելու է պետական տուրքի չափ՝ լիցենզիայի տրամադրման, ժամկետի երկարաձգման և վերաձևակերպման համար։Նախագծերի մշակումը իրականացվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։
Այս նախաձեռնությունը թույլ կտա իրավական դաշտում ներդնել կենդանիների կարանտինացման հստակ կարգավորում, ապահովել անասնաբուժական վերահսկողության արդիականացումը, նպաստել արտահանման գործընթացների համապատասխանեցմանը ներմուծող երկրների օրենսդրական պահանջներին։Նախագծերի ընդունումը կապահովի Հայաստանի կառավարության կողմից կենդանիների կարանտինացման ավելի թափանցիկ և կառավարվող ընթացակարգի հաստատումը՝ առանց բյուջեի վրա էական ֆինանսական ազդեցության։