
Միլեյը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, որ հանդիպել է Թրամփի հետ նրա ընտրվելուց հետո

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին իր Մար-ա-Լագո կալվածքում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ, որը դարձել է ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի հետ հանդիպում ունեցած առաջին օտարերկրյա առաջնորդը։
Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։Ըստ գործակալության՝ այս մասին հայտնող աղբյուրը նշել է, որ հանդիպումը լավ է ընթացել, և որ Միլեյը նաև հանդիպել է ներդրողների հետ։
Միլեյը Մար-ա-Լագոյում ներկա է գտնվել «Ամերիկայի առաջնահերթության քաղաքականության ինստիտուտ»-ի միջոցառմանը։ Իր ելույթում Միլեյը գովել է միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին՝ ասելով, որ նրա սոցիալական հարթակն օգնում է «փրկել մարդկությունը»։
Միլեյը, որն իրեն բնութագրում է որպես անարխո-կապիտալիստ և հաճախ է արժանացել Թրամփի գովասանքին, նաև շնորհավորել է վերջինիս ընտրություններում «տպավորիչ հաղթանակի» համար՝ այդ հաղթանակն անվանելով «դրական ապացույց, որ երկնային ուժերը մեր կողմից են»։
Թրամփն իր հերթին միջոցառման մասնակիցների առջև ելույթում շնորհավորել է Միլեյին «Արգենտինայի համար կատարած աշխատանքի համար» և ասել, որ իր համար պատիվ է, որ Արգենտինայի նախագահն «իր ակումբից» է։