«Պահ, մենք՝ ձեզ համար, դո՞ւք՝ ում համար. չեք ուզում, հեչ էլ ուզեք». ՆԳՆ հաղորդագրության ենթատեքստը

Այսօր Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետ կանչեց մարդկանց տեղաշարժն ուղիղ եթերում, 24/7 ռեժիմով տեսահսկելու օրենքի նախագիծը: Դեռևս հունիսի սկզբին առաջին ընթերցումն անցած նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու վստահաբար ՔՊ-ականների կողմից ամբողջությամբ ընդունվելուց առաջ ՆԳՆ-ն հանկարծ նախագիծը հանեց օրակարգից:

Խոսքը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի մասին է, որով ՆԳՆ-ն կունենար բանկերից, վարկային կազմակերպություններից, գրավատներից, դեղատներից, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերից, փոստային կապի օբյեկտներից, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներից, ուսումնական հաստատություններից, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններից, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներից, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից, առևտրի իրականացման վայրերից, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերից, 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Սա նշանակում էր, որ Ներքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ ոստիկանությունը, 24/7 ռեժիմով կունենար տեսահսկման համակարգից ադմինիստրատիվ օգտվողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման և պահպանման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի բեռնման, արտահանման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների և դիտման սարքերի հասանելիության հնարավորություն:

Դեռևս օգոստոսին 168.am-ը գրել էր այս օրենքի վտանգների մասին, նշել, որ նախագիծն օրենք դառնալու դեպքում կհանգեցնի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման։

Կարդացեք նաև

«Եթե նախագիծն ընդունվի, ապա կխախտվեն մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, բանկային գաղտնիքը և այլն։ Սրանք ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և ՀՀ միջազգային այլ պայմանագրերում»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասել էր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

Նախագիծն անհանգստացրել էր բոլորին, այդ թվում՝ մասնագիտական տարբեր հանրույթների, որովհետև օրենքի ընդունման դեպքում, օրինակ՝  հօդս էին ցնդելու «փաստաբանական գաղտնիք» և «Լրագրողի՝ աղբյուր չբացահայտելու իրավունք» հասկացությունները: Բացի դրանից, նախագիծը  հիմքեր էր ստեղծում այն քաղաքական նպատակներով չարաշահելու համար, քանի որ քաղաքական ընդդիմախոսների և իշխանությունների թիրախում հայտնված մարդկանց նկատմամբ շուրջօրյա վերահսկողություն սահմանելու հնարավորություն էր ստեղծվում: Կարող էին հետևել նրանց շարժին, լսել խոսակցությունները, և չկային երաշխիքներ, որ նման հեռանկարը բացառված է:

«Ակնհայտ է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն կիրառվելու է իշխանություններին քննադատող, նրանց կառավարչական և քաղաքական սխալները վեր հանող մարդկանց դեմ»,- ասել էր Արման Թաթոյանը:

Եվ ահա անսպասելիորեն ՆԳՆ-ն, ըստ իրենց տարածած հաղորդագրության, գիտակցելով հարցի կարևորությունը և խորությունը, առանցքային համարելով հանրային անվտանգության բոլոր շահառուների շահերի պատշաճ պաշտպանությունը և այդ կապակցությամբ բոլոր դերակատարների փոխհամաձայնեցված դիրքորոշման առկայությունը, հանգել էր այն եզրահանգմանը, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ի համար այս օրենքի ընդունման պարագայում, փաստորեն, խիստ անհրաժեշտ է առանց հանրային լայն կոնսենսուսի ձևավորումը, և քանի դեռ օրենքի առնչությամբ այդ կոնսենսուսը չկա, իրենք ձեռնպահ են մնում նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց:

ՆԳՆ-ն փորձում է համոզել, որ նախագծի հետկանչն ապացույց է, որ իրենց կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, և այն բխում է բացառապես հանրային շահից։

«Սակայն, եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,- իր տարածած հաղորդագրության մեջ նշել է ՆԳԲ-ն՝ ըստ էության ասելով՝ «Պահ, մենք՝ ձեզ համար, դո՞ւք՝ ում համար. չեք ուզում, հեչ էլ ուզեք»:

Թե որն է օրենքը հետ կանչելու իրական պատճառը, մենք, իհարկե, կփորձենք պարզել, որովհետև բազմաթիվ դեպքերում նման պայմաններում որևէ օրենք կարծես թե ինքնակամ հետ չի կանչվել, և օրենք են դարձել բազմաթիվ խնդրահարույց նախագծեր: Հավանական է, որ միջազգային կառույցների հետ չեն կարողացել պայմանավորվել կամ պայմանավորվել են փոխարենն օրինակ, դատական իշխանությանն առնչվող հերթական խայտառակ նախագծի համար կանաչ լույս վառել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930