Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը. Բորել

Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Սահմանափակումների այս 15-րդ փաթեթը, մասնավորապես, պետք է ուժեղացնի ագրեսոր երկրի արդյունաբերությունը ներմուծումից մեկուսացնելու միջոցառումները և ուղղված լինի պատժամիջոցների շրջանցումը կանխելուն, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ հայտնում է РБК-Украина-ն։

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելի հավաստիացմամբ, Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթն արդեն պատրաստվում է։

Նա ընդգծել է ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի համար արևմտյան բաղադրիչների ներմուծման կարևորությունը՝ զենք ստեղծելու և նրա «պատերազմական մեքենան» սնուցելու համար։ Եվ այս համատեքստում, ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությանը հաջողվում է շրջանցել իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

«Մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցների շրջանցումը կանխելու միջոցառումները: Որովհետև Ռուսաստանը չի կարող որևէ բան արտադրել առանց արտասահմանյան պահեստամասերի, չիպերի, բաղադրիչների։ Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Ռուսաստանի արդյունաբերական հնարավորությունները մեկուսացնելու համար։ Որպեսզի նրանք անհրաժեշտ բաղադրիչներն արտասահմանից ներմուծելու հնարավորություն չունենան»,- ասել է Բորելը։

Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան շնորհակալություն է հայտնել Բորելին «Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 14 փաթեթ ներմուծելու անձնական ջանքերի համար»։

Ուկրաինացի նախարարը նշել է, որ գործընկերները պետք է «միասնաբար աշխատեն պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթի վրա և ուժեղացնեն պատժամիջոցներն այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին»։

Տեսանյութեր

Լրահոս