Արմեն Աշոտյանը կարող է պատասխանել քաղաքացիների հարցերին, ինչպես նաև ճեպազրույց տալ մինչև դատական նիստերի դահլիճից դուրս գալը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին շարունակվեց գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը, ով այս գործով վկայակոչվել է  որպես հոգաբարձուների խորհրդի նիստի անդամ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության քարտուղար, ուսանողական խորհրդարանի նախագահ, ուսանողական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:

Ինչպես նախորդ հարցաքննության ժամանակ, հանրային մեղադրողները տալիս էին հարցեր, որոնց պատասխանները վկան չուներ. կա՛մ ի պաշտոնե ինքը չէր կարող տեղեկացված լինել, կա՛մ չէր հիշում:

Հաջորդիվ Արմեն Աշոտյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով: Միջնորդությունը նույնպես քննվեց դռնփակ:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստի սկզբում Արմեն Աշոտյանը կրկին բարձրացրեց այն հարցը, որ իրեն մինչև հիմա չեն տրամադրել իր վերաբերյալ հետախուզական միջոցառումների փաստաթղթերը, կրիչներն ու այլ նյութեր: Դատավոր Դոլմազյանը սակայն տիրապետում էր այդ նյութերին և Արմեն Աշոտյանին ու նրա պաշտպանական թիմին առաջարկեց կա՛մ կրիչով, կա՛մ սկավառակով մուտքային և ելքային զանգերի վերաբերյալ տվյալները փոխանցել իրենց:

Ուշագավ է, որ դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Նշանյանը չցանկացավ, որ իրեն տեսանկարահանեն: Փաստորեն շուրջ 1.5 տարի ուղիղ հեռարձակվող դատական նիստերի ընթացքում դատախազ Նշանյանը խնդիր չուներ, հիմա հանկարծ որոշեց, որ ինքը կադրում չպետք է երևա:

Արմեն Աշոտյանը նիստի ժամանակ բարձրացրեց իր կալանքի ռեժիմի հետ կապված հարցեր:

«Կարո՞ղ եմ արդյոք քաղաքացիների հետ 5 հարցուպատասխան ձևաչափով կրկին շփվել կամ ճեպազրույց տալ նիստից հետո: Չի կարող տնային կալանքի ռեժիմն ավելի խիստ լինել, քան քրեակատարողական հիմնարկում գտնվելունը: Դուք էլ, պատվարժան դատարան, բազմիցս ասել եք այդ մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ դատական նիստերի դահլիճից դուրս ճեպազրույց տալ չի կարող, չի կարող շփվել որևէ մեկի հետ, բացի պաշտպաններից, ԱԺ պատգամավորներից ու մերձավոր ազգականներից: Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ձևաչափը նույնպես կարող է շարունակվել:

Հաջորդիվ հայտարարվեց ընդմիջում. Սպասում էին վկա Անի Ռափյանի փաստաբանին:

Ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին: Այդ օրը կշարունակվի Անի Ռափյանի հարցաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս