«Տնօրենի հետ կարճ հանդիպումից հետո ավելի համոզվեցինք՝ մեկ հարկի տակ հնարավոր չէ աշխատել». «Գոյ» թատրոնի դերասան
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ստեղծագործական թիմը շարունակում է պայքարել, որպեսզի թատրոնը չմիացնեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Նրանք դեմ են Կառավարության այս որոշմանը և հայտարարել են, որ իրենք պետք է ստեղծագործեն ոչ թե Սունդուկյանի բեմում, այլ՝ «Գոյի»։
Վերջերս թատրոնի դերասաններն իրենց փաստաբանի միջոցով հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը և Արդարադատության նախարարությանը, որտեղ պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տան թատրոնում ստեղծագործել, մինչև կլինի դատարանի որոշումը, քանի որ «Գոյ» թատրոնը դիմել է դատարան՝ Սունդուկյանին միանալու Կառավարության որոշումը վիճարկելու համար։
Օրերս թատրոնի դերասանները հանդիպեցին Սունդուկյան թատրոնի տնօրենին, սակայն հանդիպումը կարճ տևեց, դերասանները լքեցին հանդիպման սենյակը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանն էլ լրագրողներին ասել էր, որ Արդարադատության նախարարությունից հայտնել են՝ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ՝ արդարադատությունն իրականացնում է միայն դատարանը` ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
Իսկ «Գոյ» թատրոնի շահերը ներկայացնող Կարո Ասատրյանը փոխանցել էր, որ ստիպված են ոստիկանություն հրավիրել, քանի որ «Գոյ» թատրոնի աշխատակիցների իրավունքները խոչընդոտվում են։ Նրանց չեն թողնում մուտք գործել թատրոն։
168.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանն ասաց՝ իրենց որոշումը հստակ է՝ Սունդուկյան թատրոնին չեն միանալու և պայքարելու են այնքան, մինչև որոշումը չեղարկվի։
«Մենք որևէ լուծում չենք գտել, մեր մուտքը դեպի թատրոն խոչընդոտում են։ Գործն իրավական դաշտում է, սպասելու ենք ոչ միայն դատարանի որոշմանը, այլև դիմել ենք տարբեր իրավական կառույցների։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի հետ կարճ հանդիպումից հետո ավելի համոզվեցինք, որ մեկ հարկի տակ հնարավոր չէ աշխատել»,- նշեց Արսեն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ այս պահին բոլոր իրավական հարցերով զբաղվում է թատրոնի շահերը ներկայացնող փաստաբանը։
«Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի գործընթացն ավելի արագ լինի, նոյեմբերի 25-ին հերթական դատական նիստն է։ «Գոյ» թատրոն մտնելը մեր իրավունքի իրացումն էր, դրանով ցանկացանք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել մեր խնդրի վրա։
Մեր պայքարը շատ ազնիվ է, եթե մյուս կողմն էլ է ազնիվ, ապա թող մեզ թույլ տան աշխատենք, մինչև դատարանի որոշումը։ Սրանք արհեստական խնդիրներ են, որոնք ստեղծում են։ Ամեն վայրկյան ինչ-որ բան փոխվում է մեր մարտավարությունում՝ առաջիկա քայլերի առումով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։