Ռուսաստանը և Ուկրաինան գաղտնի բանակցություններ են վարում երկկողմանի զիջումների շուրջ․ Die Zeit

Մոսկվան և Կիևը ոչ հրապարակային բանակցություններ են վարում հնարավոր փոխզիջումները որոշելու համար։ Բանակցություններն ընթանում են քաղաքական խորհրդականների մակարդակով, գրում է Die Zeit-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Կողմերը քննարկում են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա փոխադարձ հարձակումներից խուսափելու, գերիների փոխանակման, հացահատիկի գործարքի վերսկսման և ուկրաինացի երեխաների վերադարձի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի հետագա ճակատագրի մասին։ Հանդիպումներ են տեղի ունեցել Կիևում, Դավոսում, Կոպենհագենում, Ջիդայում և այլ քաղաքներում։ Դրանց մասնակցել են G7 երկրների և Չինաստանի ներկայացուցիչները։

Աղբյուրների համաձայն, երկու երկրների միջև հնարավոր խաղաղ բանակցությունների հարցը գործնականում լուծված է, և Մոսկվան և Կիևը քննարկում են նման երկխոսության ձևաչափը, տեղը և ամսաթիվը։

Անցյալ չորեքշաբթի Financial Times-ի իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Ուկրաինան և Ռուսաստանը Քաթարի միջնորդությամբ վերսկսել են բանակցությունները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու շուրջ։ Ըստ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, Կիևը ցանկանում է վերադառնալ այն համաձայնությանը, որը գրեթե ձեռք էր բերվել մինչև Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան։ Նրանք նշել են, որ վերջին շաբաթներին Մոսկվան և Կիևն արդեն կրճատել են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հաճախականությունը՝ երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև համաձայնագրի շրջանակներում։

Ռուսաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու և բանակցությունների տանելու համար Ուկրաինան ծրագրում է շարունակել թիրախավորել նավթավերամշակման գործարանները, ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ նրա, բացի անօդաչու սարքերի հարձակումներից, Կիևը «էական լծակներ չունի, որպեսզի [ռուսաստանցիներին ստիպի] բանակցել»։

Ըստ FT-ի տվյալների, 2023 թվականի աշնանը Կիևն ու Մոսկվան արդեն «ոչ հրապարակային պայմանավորվածություն» են կնքել միմյանց էներգետիկ օբյեկտներին չհարվածելու մասին։ Արդյունքում, Ռուսաստանը անցյալ ձմռանը ձեռնպահ մնաց Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա լայնածավալ հարձակումներից, որոնք տեղի էին ունեցել 2022-2023 թվականներին։

Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարբերականի տեղեկատվությունը «լցոն» է անվանել, սակայն հաստատել է, որ Ռուսաստանը չի բանակցելու, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են Կուրսկի շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս