
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թեհրանն իմացել է Իսրայելի գրոհի մասին հարվածի նախօրեին…

Իրանը տեղեկություն է ստացել իսրայելական հնարավոր գրոհի մասին հարվածների նախօրեին, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մենք ազդանշաններ էինք ստացել գրոհի հնարավորության մասին հարձակումից առաջ, ինչը մեզ համոզել է, որ գրոհ լինելու է։ Եղել է տեղեկությունների փոխանակում տարբեր կողմերի հետ, եւ մինչեւ գրոհը մենք միջոցներ ենք ձեռնարկել, որոնք պետք էր ընդունել այդ առիթով»,- նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին ճիշտ ժամանակին։
Հոկտեմբերի 26-ին իսրայելցի զինվորականները տեղեկացրել են Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին՝ ի պատասխան «բազմաթիվ անընդմեջ գրոհների»։ Իրանի ՀՕՊ ուժերի հայտարարության համաձայն՝ հարձակման են ենթարկվել ռազմական օբյեկտները Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում, բայց վնասը եղել է սահմանափակ բնույթի։ Ինչպես տեղեկացրել է իսրայելական բանակի Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեւին, Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմավարական համակարգերին՝ օգտագործելով միայն իր հնարավորությունների մի մասը։
ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը հոկտեմբերի 26-ին ասել է, որ Իրանը որեւէ սահման չի տեսնում իր առջեւ, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչն արդեն քանիցս ապացուցվել է։