Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, և իշխող կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում «հանրային ռեսուրսների չարաշահման, ձայներ գնելու և ընտրողներին ահաբեկելու» մեջ, ինչն, ըստ նրա, «խաթարել է հանրության և միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ»։
Բլինքենի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Միջազգային դիտորդներն արդյունքները չեն որակել որպես ազատ և արդար: Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները», – ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Վրաստանի քաղաքական առաջնորդներին «հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը և միասին աշխատել ընտրական գործընթացի թերությունները վերացնելու ուղղությամբ»:
Բլինքենի խոսքով՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությամբ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 53,93 %-ի աջակցությունը։ Դրան հաջորդում են հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս կուսակցություններ՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 %, «Միացյալ ազգային շարժում»՝ 10,16 %, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 % և «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76 %։