Այդ փաստաթուղթն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան

67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից վավերացված հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը լրջագույն խնդիրներ ունեցող փաստաթուղթ է, որը ներպետական ընթացակարգերով անցկացնելու նպատակը, պատասխանատվության խնդիրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ինչպես նաև այդ նույն խմբակցությանը ձայն տված մարդկանց վրա տարրալուծելն է։

Այս փաստաթուղթն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է, որի անունը ՀՀ այս իշխանությունը կդնի «Խաղաղության պայմանագիր»։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ազգային ժողովով վավերացված կանոնակարգի և դրանից բխող վտանգների մասին, նման տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ, Արցախ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյանը։

«Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում, իրականում կապ չունի սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս կանոնակարգում շատ հստակ երևում է, որ գործընթացն իրականացվելու է փուլերով, ամեն փուլում արվածը համարվելու է արդեն սահմանագծված և սահմանազատված, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը թելադրելու է, թե ի՞նչ է ուզում, ո՞ր տարածքում, դա ստանալու է, և համարվելու է, թե գործ ունենք սահմանազատված և սահմանագծված կիլոմետրերի հետ։

Կարդացեք նաև

Արդյունքում՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող է նպաստավոր դիրքեր ստանալ Հայաստանից, Ադրբեջանը ստանալու է, իսկ եթե իրենից է կախված լինելու որևէ քայլ, օրինակ, զորքի հետքաշում Հայաստանի սուվերեն տարածքից, գործընթացը կախելու է օդում»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Նա նաև հարց հնչեցրեց՝ արդյոք այս ամենին գնացող իշխանությունն այսքանից հետո կարո՞ղ է խոսել այն մասին, որ որևէ աղերս ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանության հետ։

«Իհարկե չունի, ավելին՝ այսօրվա Հայաստանի իշխանությունը պատերազմի ամենամեծ մունետիկն է։ Այն իշխանությունը, որ ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչ տալ, դրանով գրգռում է դիմացինի ախորժակը, հետևաբար, այս իշխանությունն ամենամեծ պատերազմ բերողն է. նրանք բերել են մեծ ու փոքր պատերազմներ, բերել են ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի տարածքում, ուստի, որքան այս իշխանությունը մնա, այնքան ավելի շատ է պատերազմը մոտենալու Հայաստանին։ Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս