Կադրային սղություն միշտ էլ կա. Պապոյանը` արդարադատության նախարարի թեկնածուի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի հերքում, որ իշխող կուսակցությունում կադրային սղություն կա։ Այս մասին նա այսօր ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչու ՔՊ–ն չի կարողանում ընտրել արդարադատության նոր նախարար։
«Կադրային սղության խնդիր միշտ էլ կա, բայց թեկնածուներ մենք շատ ունենք, պարզապես նրանց մի մասը, որոնք կարող էին շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, իրեենց զբաղվածությամբ, ներկա աշխատանքով, պայմանավորված ցավոք սրտի հրաժարվեցին դառնալ նախարար»,– ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ Քաղաքացիական պայմանագիրն էլի թեկնածուներ ունի ու նրանց մասին շուտով կհայտարարվի։ Գուցե նրանք կուսակցությունից չլինեն, բայց, Պապոյանի պնդմամբ, հաստատ կլինեն իրենց քաղաքական թիմից։