Բաժիններ՝

Առեւտուրը դադարել է լինել տնտեսության աճի շարժիչն աշխարհում. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը գրանցել է, որ առեւտուրն առաջին անգամ դադարել է լինել համաշխարհային տնտեսական աճի շարժիչը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։

Նա նշել է «առեւտրի հատվածայնացման բացասական գործոնի մասին համաշխարհային տնտեսության համար»։ Միայն վերջին 18 ամիսներին մտցվել են 4 հազար սահմանափակիչ միջոցներ, որոնց 60 տոկոսը՝ զարգացած տնտեսությունների կողմից։ «Երբ մենք ուսումնասիրեցինք այդ բոլոր 4 հազար [սահմանափակիչ] միջոցները, եկանք այն եզրակացության, որ դրանց մոտ երկու երրորդը վնաս է պատճառում առեւտրին, իսկ առեւտուրն առաջին անգամ դադարել է լինել աճի շարժիչ։ Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչներն այստեղ կղեկավարվեն դրանով։ Բայց եւ ես անկեղծորեն հուսով եմ, որ մենք կկարողանանք նրանց այնքան վախեցնել, որ նրանք տուն գնան եւ վճռական գործեն հարկաբյուջետային ճակատում»,- ասել է Գեորգիեւան ԱՄՀ եւ ՀԲ ղեկավար մարմինների աշնանային նստաշրջանում ունեցած ելույթում։

Խոսելով գնաճի մասին՝ նա հաստատել է, որ դրա աճի տեմպերը զգալիորեն կրճատվում են, իսկ աշխատանքի շուկաները մնում են կայուն։ Համաշխարհային տնտեսությունը բավական լավ է աշխատում, ընդգծել է նա եւ ավելացրել, որ համաշխարհային տնտեսության աճը գերազանցել է 3 տոկոսը։ Բայց եւ այնպես գները դեռ երկար կմնան բարձր մակարդակի վրա։ ԱՄՀ-ն կարծում է, որ բոլոր երկրների պետական պարտքի ցուցանիշը համաշխարհային ՀՆԱ-ի հանդեպ կգերազանցի 100 տոկոսն առաջիկա տարիներին։ Գեորգիեւան ընդգծել է լիկվիդայնության ավելի լայն հասանելիության կարեւորությունը՝ որպես տնտեսական աճի եւ կայունության աջակցության ամենալավ տարբերակներից մեկը զարգացող տնտեսությամբ երկրներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս