Բաժիններ՝

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կոչ է արել քննարկել «ոչ միջուկային ուժերի» տեղակայումն Ուկրաինայում ՌԴ-ին զսպելու համար

Կիեւի դաշնակիցները պետք է քննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ոչ միջուկային զսպման ուժերի տեղակայման հարցը, ինչպես նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի պլանը», ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն։

«Պատկերացրեք հրադադար կամ խաղաղության պայմանագիր, եւ կհասկանաք, որ ոչ միջուկային զսպման ուժերի տեղակայման հարցը Ուկրաինայի տարածքում, որպեսզի ի վիճակի լինենք հետ մղելու Ռուսաստանի նոր սպառնալիքը, հավանաբար այն հարցն է, որով արդեն պետք է զբաղվել»,- ասել է Լեքորնյուն TF1/LCI-ի եթերում։

Նա նշել է, որ Կիեւի «հաղթանակի պլանը» միանյ ռազմական հակամարտության կարգավորման քաղաքական ուղու սկիզբն է։ Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանությունում նկատվում է շրջադարձ «ռազմաքաղաքական» հայտարարություններին, սակայն մի ինչ-որ պահի Ուկրաինան կվերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ, չէ՞ որ «ոչ ոք երբեք չի հայտարարել ռուսների կապիտուլյացիայի մասին»,- նշել է Լեքորնյուն։

Զելենսկին ներկայացրել է «հաղթանակի պլանը» հոկտեմբերի կեսին։ Այն բաղկացած է հինգ կետերից եւ եւս երեք «գաղտնի լրացումներից»։ Հրապարակված կետերից են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը մինչեւ պատերազմի ավարտը, հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները հանելը, երկրում համալիր «ոչ միջուկային ռազմավարական զսպման փաթեթի տեղակայումը», ինչպես նաեւ օգնությունն ուկրաինական տնտեսության զարգացմանը։ Փաստաթուղթը նաեւ նախատեսում է, որ ուկրաինացի զինվորականները մարտական գործողությունների ավարտից հետո կարող են «օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի պաշտպանության ամրապնդման համար» եւ փոխարինել ԱՄՆ զորակազմին։

Ուկրաինայի նախագահը այդ պլանը ներկայացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իտալիային եւ Գերմանիային։ «Պլանի նպատակն այն է, որպեսզի այն ամրապնդի ոչ միայն Ուկրաինային, այլեւ մեր ողջ եվրատլանտյան հանրությանը։ Դուք բոլորդ գիտեք Ռուսաստանի հոգեբանությունը։ Ռուսաստանը կդիմի դիվանագիտության միայն այն ժամանակ, երբ տեսնի, որ չի կարող հասնել որեւէ բանի ուժով»,- ընդգծել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս