«Որոշվում է Հայաստանի ապագան. այս ծրագրերի իրականացումը բերելու է ազգային կատաստրոֆայի». Հայկ Խալաթյան

Արևմուտքի և Ռուսաստանի հովանո ներքո բանակցությունները մերժող և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն արդյունավետ համարող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դեմ չէ, որ Թուրքիան ներգրավվի որպես միջնորդ, այլև արդեն նախընտրում են թուրքական հարթակում բանակցել Ադրբեջանի հետ: ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը նշել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է երկու կողմերից՝ Հայաստանից և Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից: Այդ ֆոնին հայկական կողմը ռուսական որևէ հարթակում չբանակցեց Ադրբեջանի հետ, փոխարենը՝ նախընտրեցին դա անել Ստամբուլում, որտեղ օրերս հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նկատում է՝ Ադրբեջանը նույնիսկ չէր էլ կարող երազել, որ ոչ միայն այլ միջնորդներից կհրաժարվեն, ոչ միայն ուղիղ կբանակցեն Հայաստանի հետ, այլև Ադրբեջանի դաշնակից Թուրքիան կներգրավվի որպես միջնորդ, և այս ամենը՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ, որոնք, ըստ Խալաթյանի՝ պատրաստ են գնալ Բաքվի և Անկարայի հետ ցանկացած զիջման:

«Ադրբեջանը փաստացի հասավ իր գլխավոր նպատակին. ոչ միայն երկկողմանի ֆորմատով են բանակցություններ գնում, այլևս որպես միջնորդ՝ Թուրքիան է ներգրավվում, որի մասին Բաքվում չէին էլ կարող երազել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Մենք նախկինում ասում էինք՝ դեպի Արևմուտք ճանապարհը նշանակում է՝ ճանապարհ դեպի Թուրքիա, որ ներկայիս քաղաքականության արդյունքում Թուրքիան է ուժեղանալու: Ես այն ժամանակ էլ էի հոռետես վերաբերվում Արևմուտքի միջնորդությանը, բայց նույնիսկ Արևմուտքի միջնորդության պարագայում գոնե բանավոր Շառլ Միշելն ու Բորելն ասում էին, որ իբր Ադրբեջանն Ալմա Աթայի հռչակագրով համաձայնել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բայց երկկողմանի բանակցությունների արդյունքում, որի էֆեկտիվության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանն ասում է՝ գիտե՞ք ինչ, նույնիսկ այս Ալմա Աթայի հռչակագրով որևէ սահման չի գծվում, որևէ սահմանի ճանաչում չկա: Դա՞ է արդյունավետությունը: Ստացվում է, որ Փաշինյանի կողմից արդյունավետ համարվող բանակցությունների արդյունքում Ադրբեջանը փաստացի ասում է՝ չենք էլ ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Հայկ Խալաթյանը նկատեց՝ Ադրբեջանի նպատակը հստակ է, նրանք այն չեն թաքցնում. «Ադրբեջանի նպատակն է՝ տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական և վերջնական չեզոքացումը: Նրանք հնարավորություն են ստացել՝ հաշվի առնելով թե՛ Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագան, թե՛ շատ հարմար միջազգային ֆոնը: Ինչո՞ւ հրաժարվել այդ նպատակից, եթե այդպիսի հնարավորություն իրենց համար կարող է  էլ մոտ ապագայում մի քանի տասնամյակում չլինել»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի Հայաստանից. «ՀՀ իշխանությունների բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ, կամա թե ակամա, այդ ծրագիրը կյանքի է կոչվում: Ո՞վ է Ադրբեջանի օֆիցիալ դաշնակիցը՝ Թուրքիան: Ինչի՞ համար է ուզում կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք»-ը՝ որպեսզի Թուրքիան կարողանա ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ Կենտրոնական Ասիայում: Արևմուտքն այդ ամենին հանգիստ է վերաբերվում, որովհետև մեր տարածաշրջանում Արևմուտքի կողմից օֆիցիալ հակառակորդներ են հռչակվել Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում գործող իշխանությունների քայլերի հետ ոչ համաձայն քաղաքացիների անելիքներին, նա հետևյալն ասաց. «Մեր հասարակությունը պետք է մի բան հասկանա՝ եթե մենք այս ամենին համաձայն ենք, ապա պետք չէ հետո որևէ մեկին մեղադրել, միայն մեզ կարող ենք մեղադրել: Այս պահին որոշվում է մեր ժողովրդի և Հայաստանի ապագան. այս ծրագրերի իրականացումը բերելու է ազգային կատաստրոֆայի: Մի մասին արդեն ականատես եղանք, նկատի ունեմ՝ Արցախի կորուստը, բայց դա բերելու է ամբողջական հայկական գործոնի չեզոքացմանը տարածաշրջանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս