«Երևան քաղաքն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով իշխանության եկած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թաթախված է կոռուպցիայի մեջ. ասվածը վկայում է Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին, երբ Երևան քաղաքի բյուջեն ուղղակի մսխվում է։

«Երևան քաղաքն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ, և դա վերաբերում է քաղաքի կառավարման բոլոր ոլորտներին, որոնք առնչվում են հասարակության տարբեր շերտերին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում շեշտեց Մանուկյանը։

Որպես ցցուն օրինակ՝ նա առանձնացրեց հասարակական տրանսպորտի ոլորտում առաջացած խնդիրները, երբ, օրինակ, նույն քաղաքապետարանի պաշտոնական թվերով պետք է ամեն օր տրանսպորտից օգտվեր 600.000 մարդ և հավաքագրվեր օրական 600.000 մարդու 100 դրամ, մինչդեռ ներկայացվում է ընդամենը 300.000 քաղաքացու վճարած 100 դրամ, իսկ դա նշանակում է, որ օրական միայն հանրային տրանսպորտից կորում է 30 միլիոն դրամ։

Կարդացեք նաև

«Կամ, մեկ այլ օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի շենքում թևածում է միտքը, որ թանկ գնված ավտբուսների սպասարկումն իրականացնում է մի ընկերություն, որը կապված է նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հետ։ Հիմա այդ ընկերությունն ահազանգում է, թե իր դեմ ռեկետ են իրականացնում, որպեսզի ավտոբուսների սպասարկելու գործառույթն այս տարվա հունվարից տրվի այլ ընկերության, որն էլ, շուտով կբացահայտվի, թե ում է փոխկապակցված»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հսկայական գումարների մսխում է տեղի ունենում նաև կարմիր կետագծերի թանկացման արդյունքում ձևավորված բյուջեից։

Ըստ Մանուկյանի՝ թեև այս տարվա 8 ամսվա ընթացքում կարմիր կետագծերից հավաքագրվել է 600 միլիոն դրամ տուրք, սակայն դա չի բերել կենտրոնի բեռնաթափման։

«Իրենք գումարներն ուղղակի մսխում են՝ նույն ճանապարհը երկու-երեք անգամ ասֆալտ են անում. մեկ Կառավարությունն է ասֆալտ փռում, հետո նույն տեղն ասֆալտապատում է Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև ընդգծեց, որ Երևանի ավագանու իշխանական խմբակցությունը բյուջեի փողերը մսխում է նաև տարատեսակ գործուղումների վրա. օրինակ՝ Տիգրան Ավինյանը ստորագրել է արտասահմանյան գործուղման 41 որոշում, գործուղման ուղարկել 95 հոգու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս