ՌԴ-ի հետ չհամագործակցելու խնդրանքները պայմանավորված են Արևմուտքի ատելությամբ. Ժապարով
Մոսկվայի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին արևմտյան երկրների խնդրանքները Բիշքեկին կապված են նրանց հակառուսական տրամադրությունների հետ։
«Կաբար» պետական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողի այն հարցին, թե նման պահանջները պայմանավորված են կիրառված պատժամիջոցներո՞վ, թե՞ սահմանափակումների հնարավոր շրջանցման կասկածներով, Ժապարովը պատասխանել է. «Մենք, որպես ՄԱԿ–ի անդամ, գործ չունենք պատժամիջոցային ապրանքների հետ, որոնք ՌԴ-ի դեմ ուղղված սահմանափակումների տակ են հայտնվել։ Այդ պատճառով դժգոհությունների համար հիմքեր չկան և չեն կարող լինել։ Ըստ երևույթին, սա ուղղակի ատելություն է Ռուսաստանի նկատմամբ»։
Ավելի վաղ Ժապարովն ընդգծել էր, որ Ղրղզստանը չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից՝ չնայած Արևմուտքի ճնշումներին։
ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան երկրների միակողմանի պատժամիջոցներն անօրինական են, քանի որ դրանք կիրառվում են՝ շրջանցելով ՄԱԿ-ի մեխանիզմները։ Մոսկվան նաև նշել է, որ Ռուսաստանը հաջողությամբ դիմակայում է պատժամիջոցների ճնշմանը, որը սկսվել է մի քանի տարի առաջ։ Ռուսաստանցի պաշտոնական այրերի խոսքով՝ Արևմուտքը չի ցանկանում ընդունել պատժամիջոցների իր քաղաքականության ձախողումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։