Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով բազմաթիվ անգամներ է արտահայտել իր «խոր անհամաձայնությունը» ՀՀ սահմանադրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրի եւ ՀՀ սահմանադրության բովանդակությունները նույնական չեն, եւ Մայր օրենքի մեջ արտահայտված են Անկախության հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ: Այսպիսով՝ թերեւս Հայաստանի վարչապետը ակնարկեց ՀՀ Անկախության հռչակագրի խմբագրման կամ փոփոխության իր մտադրության մասին։

Նախ, ընդգծենք, որ ՀՀ սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրության նախաբանը՝ Անկախության հռչակագիրը, փոփոխման ենթակա չէ։ ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, որը առաջինն էր ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին հայտնել, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Որեւէ մեկի խելքին եթե պտտվի, ամբողջ ԱԺ-ով փորձեն Անկախության հռչակագրում անգամ մեկ ստորակետ փոխել՝ չեն կարող, որովհետեւ Անկախության հռչակագրի կարգավիճակը լրիվ այլ է. այն վերիրավական փաստաթուղթ է, այն պետության հիմնադիր փաստաթուղթ է, պետության հիմքերի մասին է։ Անգամ եթե պետություններ ոչնչանան, ապա Հռչակագիրը կարող է հիմք ծառայել հետագայում նոր պետության ստեղծման համար»:

Հավանաբար հենց այս պատճառով էլ, հայրենի իշխանությունները լծվել են ոչ թե ՀՀ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու գործին, այլ այն ամբողջությամբ փոխելուն։

Սա, ի դեպ, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գլխավոր պայմանն է։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իր հերթին առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարության նախագիծ, որով անընդունելի է համարում ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները նսեմացնող ցանկացած փորձ։

Հայտարարության նախագծով դատապարտվում են Հայաստանի անկախության հռչակագիրը ստորադասելու գործողությունները։ Նախագծում նաեւ սահմանվում է՝ «Հայաստանի անկախության հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատվում են որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

Մինչ ԱԺ օրակարգ կմտնի հայտարարության նախագիծը՝ «Հայաստան» խմբակցությունը հոկտեմբերի 17-ին լսումներ է կազմակերպել հայտարարության նախագծի վերաբերյալ, որին մասնակցելու են պատգամավորներ, իրավաբաններ, սահմանադրագետներ եւ այլ փորձագետներ:

«Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ՔՊ-ից որեւէ արձագանք չկա, չգիտեն՝ մասնակցելո՞ւ են լսումներին, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս