ՍԴ նախագահի համար տարին բարեբեր էր եղել, նրա ու տիկնոջ հարազատներն էլ՝ առատաձեռն․ Ի՞նչ է հայտարարագրել Արման Դիլանյանը

Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, ավելի ուշ՝ վարչական դատարանի դատավոր նշանակված Արման Դիլանյանը 2018 թվականի հայտնի ու անհայտ իրողություններից հետո վերադարձավ ի շրջանս յուր՝ ՍԴ։

Նա 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից նախ ընտրվեց ՍԴ դատավոր, ապա ՍԴ շուրջ տեղի ունեցող հապճեպ իրադարձություններից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերին, ՍԴ աշխատակարգային նիստում ընտրվեց ՍԴ նախագահ։

168am-ն այս հրապարակմամբ առանձնացրել է արդեն 4 տարի ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանի ու նրա ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերի մի քանի դրվագներ։

Այսպիսով, պաշտոնատար անձի` 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք՝ տարին բարեբեր է եղել ՍԴ նախագահի համար տարեկսզբին առկա 2 անշարժ գույքն արդեն տարեվերջին կրկնապատկվել է։

Կարդացեք նաև

Արման Դիլանյանը տարեսկզբին հայտարարագրել է միանձնյա սեփականություն հանդիսացող արտադրական նշանակության շինություն, որը գնել է 2004 թվականին Վաղարշապատ քաղաքում և Երևան քաղաքում համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող մեկ բնակարան, որը ձեռք է բերել 2022 թվականին «այլ եղանակով»։

Հաշվետու տարվա՝ 2023 թվականի ընթացքում նա գնել է ավտոկայանատեղի, որը դարձյալ տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով․ «Արաբկիր» ՍՊԸ-ից արված այս գնումը, ըստ հայտարարագրի, արժեցել է 4,553,730 դրամ։ Պաշտոնյան ևս մեկ գույք՝ մայրաքաղաքում բնակարան է նվիրատվություն ստացել Կարինե Դիլանյանից (մայր):

Արման Դիլանյանը տարեսկզբին հայտարարագրել է նաև 3 միլիոն 200.000 դրամի չափով ավանդ, որը տարեվերջին զրոյացվել է։ Դրա փոխարեն՝ աճեր են գրանցել պաշտոնյայի՝ 3 բանկերում ունեցած բանկային հաշիվների մնացորդները, որոնք տարեսկզբի՝ 0 եվրո, 1 միլիոն 451,085.21 դրամի և 0,14 դոլարի փոխարեն՝ կազմել են 411.25 եվրո, 3 միլիոն 571,884.76 դրամ և 0,14 դոլար, ինչպես նաև՝ կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 55,000 դոլարի, 20,000,000 դրամի և 30,000 եվրոյի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 57,000 դոլար, 25,000,000 դրամ, 30,000 եվրո։

ՍԴ նախագահի՝ հաշվետու տարվա՝ 32 միլիոն 896,875.38 դրամ եկամուտը գոյացել է Ինեկոբանկից, Ֆինանսների նախարարությունից և Սահմանադրական դատարանից ստացած այլ եկամուտներից՝ համապատասխանաբար՝ 162,148 դրամ, 4,735,179 դրամ և 653,449 դրամ,

Սահմանադրական դատարանից ստացած 26,455,232 դրամ և Ռուս-հայկական համալսարանից ստացած 504,258 դրամ աշխատավարձերից,

«Փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից ստացած 65,438 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից գոյացած եկամուտից և Եվրոպայի խորհրդից ստացած 761.25 եվրո վճարից։

Հայտարարագրում նշվում է, որ պաշտոնյայի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 37,735,779.8 դրամ, հիփոթեքի առարկա է մատնանշվել բազմաբնակարան շենքում բնակարանը։

«Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ծախսեր» տողից էլ տեղեկանում ենք, որ 2023 թվականին պաշտոնյան 3 միլիոն դրամ է ուղղել հանգստի ճանապարհածախսի վրա, 3,877,000 դրամ՝ ուսման կամ այլ դասընթացների և ևս 6 միլիոն 362,761.2 դրամ էլ՝ վարկի մարմանը։

Արման Դիլանյանի կինը՝ Նաիրա Ալեքսանյանը, իր հայտարարագրում նշել է ամուսնու հետ համատեղ տնօրինվող բոլոր գույքերի մասին, ինչպես նաև՝ 1995 թվականից բաժնային սեփականություն հանդիսացող Աջափնյակ համայնքում գտնվող բնակարանի մասին:

Պաշտոնյայի տիկնոջ հաշվետու տարվա` 4 միլիոն 373,700 դրամ եկամուտներն էլ գոյացել են Ռոմիկ Ալեքսանյանից (հայր) ստացած 10.000 դոլարից և ՎՏԲ բանկից ստացած 496,000 դրամ փոխառությունից։

Տեսանյութեր

Լրահոս