ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ միտված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ինչպես նաև երկրի պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդմանը, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Եվրոպական միություն և Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ներկա մակարդակը:

Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակին՝ նախագահը նկատեց, որ քաղաքական առումով բավականին մեծ առաջընթաց կա, իրականացվում են լրջագույն ծրագրեր:

«Այդ ծրագրերը հիմնականում ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու հաստատմանը: Ինչքան էլ, որ մենք մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր, ինչն այդպես էլ կա, այդ ժողովրդավարական երկրում ապրելու համար մենք մեզ համար պայմաններ պետք է ստեղծենք, որոնց ստեղծողը ժողովրդավարական ինստիտուտներն են, կառավարական և ոչ կառավարական ինստիտուտների մասին է խոսքը», – նշեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ մեծ աշխատանք է տարվում Հայաստանի և Եվրամիության միջև:

Նա նաև վստահություն հայտնեց, որ այդ աշխատանքն իր արդյունքը կտա, և պետք է այնպես անել, որ Հայաստանի ժողովրդավարացման այս ամբողջ ճանապարհն անդառնալի լինի, որտեղ էլ Երևանն աջակցության կարիք ունի՝ միաժամանակ նաև Միացյալ Նահանգներից:

«Նույնը վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին, որի հետ քաղաքական համագործակցության մեր հիմնական ուղղությունը հենց ժողովրդավարությունն է:

Մեզ կապողն ի՞նչը կարող է լինել. ժողովրդավարությունը, ազատությունը: Մեր ձգտումներն էլ այդպիսին են և համընկնում են, և մենք պետք է այդ հնարավորություններն օգտագործենք: Այդտեղ շատ կարևոր է նաև քաղաքական ինստիտուտների կայացման խնդիրը: Մենք անընդհատ այդ իրավիճակներում ենք հայտնվում, և, ցավոք սրտի, այս 30 տարվա ընթացքում քաղաքական ինստիտուտներն ամբողջապես չկայացան: Դրանք ինձ հիշեցնում են 1990-ականների վիճակը, երբ նոր սաղմնավորման իրավիճակում էին գտնվում, և, կարծես թե, այդպես էլ մնացել են: Մենք չենք կարողացել ստեղծել այնպիսի մի կայուն քաղաքական համակարգ, որը ոչ մի անգամ այլ ազդեցությունների տակ չի ընկնի և կզբաղվի իր գաղափարական նպատակների իրականացմամբ», – նշեց ՀՀ նախագահը։

ՀՀ նախագահը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ համագործակցության համատեքստում մեծ կարևորություն հատկացրեց նաև խորհրդարանական համագործակցությանը, քանի որ դա ևս քաղաքական համակարգի ձևավորման վրա թողնելու է էական ազդեցություն:

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև օրակարգը շատ լայն է՝ միտված  նաև ՀՀ անվտանգության ամրապնդմանը։  Նախագահը հիշեցրեց Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգտվելու ծրագիրը, որը միտված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը:

«Այն ամենը, ինչ վերաբերում է մեր անվտանգությանը, միայն պաշտպանական նշանակություն ունի, հարձակողական միտում կամ գաղափար ընդհանրապես չկա, որովհետև մենք այժմ զբաղված ենք մեր պաշտպանունակությունը, անվտանգությունը բարձրացնելու աշխատանքներով՝ լավ պաշտպանված հայրենիք ունենալու նպատակով», – նշեց ՀՀ նախագահը՝ վերահաստատելով, որ Հայաստանը որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի:

Այդ առումով Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները նախագահը համարեց անհիմն՝ հավելելով, որ Հայաստանը հենց իր ներսում այնքան անելիքներ ունի, որ դրանցով զբաղվելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային խաղաղություն:

«Մենք ակտիվ կլինենք տարածաշրջանային համագործակցության բոլոր ծրագրերում: Հիմա կան այդպիսի ծրագրեր, որոնք դեռևս չեն սկսվել, բայց միտում ունեն սկսվելու, և մենք պետք է փորձենք դրանցում մասնակցություն ունենալ», – նշեց նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանը չի կարող դրանց մեջ մասնակցություն չունենալ և, հետևաբար, պետք է կարգավորի սեփական էներգետիկ համակարգը:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը՝ ՀՀ նախագահը նշեց, որ այդ հարաբերությունները վերջին 3 տարիների ընթացքում ամբողջովին այլ բովանդակություն են ստացել:

«Տնտեսական առումով, եթե նայենք թվերին, ապա կարող ենք ասել, որ առևտրաշրջանառությունը Եվրամիության երկրների հետ պակասել է, բայց դա տնտեսություն է, որը շատ արագ փոփոխվելու միտում ունի։ Առաջիկա երկու տարվա ընթացքում մենք կարող ենք ունենալ լրիվ այլ պատկեր: Այնքանով, որքանով մեր գործարարներն այսօր օգտվում են այն հնարավորություններից, որոնք կան, տնտեսության ընդհանուր պատկերն այնպիսին է ստացվել, որ տնտեսական առումով ԵՄ երկրների հետ մեր կապերը մի քիչ պակասել են», – ասաց Վահագն Խաչատուրյանը՝ միաժամանակ հավելելով, որ դրանում որևէ խնդիր չկա:

Նրա խոսքով՝ Հայաստանի օրակարգում այդ առումով կա հետևյալ մոտեցումը, որ հայ գործարարներին պետք է եվրոպական և ամերիկյան շուկաներ մուտ գործելու հնարավորություն տալ, իսկ դրա հնարավորությունները պետք է նաև հենց գործարարները ստեղծեն՝ ունենալով այնպիսի արտադրանք, որը կհամապատասխանի այդ շուկաների որակական չափանիշներին:

«Այդ ուղղությամբ մենք հիմա լուրջ աշխատանք ենք տանում: Մենք առաջին հերթին լաբորատորիաներ ենք ստեղծում, որոնց միջոցով կարող է չափվել թե ինչքանով է Հայաստանում ստեղծված արտադրանքը համապատասխանում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի ստանդարտներին», – նշեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի գործարարները կարողանան ստանալ միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանք:

«Մինչև անցյալ տարի մենք կաթնամթերք կամ մեղր չէինք կարող արտահանել Եվրամիություն: Հիմա մենք այդ հնարավորությունը ստացել ենք, և դրանց որակի ստուգման աշխատանքները կատարվում են մեր երկրում»,- մանրամասնեց նախագահ Խաչատուրյանը։

Նախագահի դիտարկմամբ՝ նույնիսկ մեր առօրյա կյանքում կամ շինարարական աշխատանքներ կատարելիս՝ անհրաժեշտ է առաջնորդվել այդ չափորոշիչներով:

Անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն արդյոք նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհաքաղաքական բևեռների միջև՝ նախագահը կարծիք հայտնեց, որ պետք չէ պատասխանը փնտրել ընտրություն կատարելու հարցի մեջ:

«Հայաստանը պետք է կարողանա դառնալ լիարժեք անկախ պետություն, ինքնիշխան պետություն։ Հիմա մենք իրատեսական մոտեցում ունենք մեր անվտանգության վերաբերյալ: Եվ այդտեղ մեզ հարկավոր են այլընտրանքներ, տարբեր անվտանգային համակարգերում հնարավոր մասնակցություններ, բայց դա ուղղված չի լինելու որևէ երկրի հետ հարաբերություններում լարվածություն առաջացնելուն»,-ասաց ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ցանկացած երկրի հետ գտնել ընդհանուր հետաքրքրություն և առաջնորդվել դրանով:

ՀՀ նախագահը նաև հավելեց, որ միջազգային ասպարեզում իր ունեցած շփումների արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ ընդհանրապես մարդկությանը պետք է տեսանելի ապագայի մոտեցումներ ներկայացվեն, քանի որ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում հիմա ապրում են անհանգիստ կյանքով, և դա լինում է նրա հետևանքով, որ մարդիկ ավելի շատ զբաղված են ոչ թե ստեղծագործ աշխատանքով, այլ հակառակ աշխատանքն է կատարվում:

Դավիթ Մամյան

Տեսանյութեր

Լրահոս