Օրվա իշխանությունները հրաժարվել են Հայաստանի՝ ազգային պետություն լինելուց, և գործոնից մեզ վերածել են գործիքի․ Հովհաննես Ավետիսյան
Ինքնիշխան պետությունը մեկ այլ պետության հրահանգով Սահմանադրություն չի փոխում կամ սեփական Անկախության հռչակագրին դեմ չի գնում։ Որտեղի՞ց մեր երկրին ինքնիշխանություն՝ նման որակներով իշխանության պարագայում, և ինչպե՞ս են իրենք իրենց ինքնիշխան համարում, երբ երկրի գլխավոր ատրիբուտները և օրենքը պատրաստ են փոխել թշնամի պետության հրահանգով։ Դա ի՞նչ ինքնիշխանություն։ Սա ուղղակի մանիպուլյացիա է՝ ուղղված հանրության այն շերտերին, որոնք չգիտեն՝ ինչպես է դրսևորվում պետության ինքնիշխանությունը։ Դա սահմանապահով չի որոշվում, սահմանապահի հարցը երկրորդային ու երրորդային է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Փաստն այն է, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանությամբ երկու տարածաշրջանային տերություն կա՝ Թուրքիա և Իրան, և այստեղ ազդեցություն ունի մեկ գերտերություն՝ Ռուսաստանը։ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր գտնվել է ռուսական ազդեցության ներքո։ Այդ ազդեցությունն այնքան մեծ է, որ նաև մեր շարունակական սխալների պատճառով հասել ենք այն կետին, երբ Հայաստանի գրեթե բոլոր ենթակառուցվածքները պատկանում են Ռուսաստանին։ Հայաստանի առևտրաշրջանառության գերակշիռ մասը, ընդ որում՝ էական նշանակության ապրանքների ներկրումը, օրինակ՝ ցորենի, Ռուսաստանից է։ Այս պայմաններում, երբ Ռուսաստանի հանդեպ հոխորտում են, ասում, թե մենք ինքնիշխանություն ենք ստանում, ի՞նչ են կարծում՝ ինչպե՞ս կարող է Հայաստանն ինքնիշխան լինել»,- ասաց տնտեսագետը։
«Ռուսաստանն էլ է այս ամենը լավ հասկանում։ Շատ լավ հասկանում է, որ սա ուղղակի քաղաքական կապիկություն է, այսինքն՝ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանալու ազատվել ռուսական ազդեցությունից, ոչ մի կերպ։ Այն օրը, երբ Հայաստանը լրջորեն փորձի անել դա այս վիճակով, ուղղակի սեփական մահկանացուն է կնքելու։ Ռեսուրսների հարյուր տոկոսանոց կախվածություն կա Ռուսաստանից՝ էներգետիկայով, երկաթգծով, ճանապարհներով, առևտրով, տնտեսությունով, ատոմակայանով։ Նրանք էլ են խաղ խաղում, բայց ի՞նչ է տեղի ունենում. այս ամենով հանդերձ՝ նրանք մեզ օգտագործում են։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի հետ։ Ընդդիմադիր դաշտը կա՛մ սա չի հասկանում, կա՛մ չհասկանալու է տալիս։ Օրվա իշխանությունները հրաժարվել են Հայաստանի՝ ազգային պետություն լինելուց։ Դա շատ մեծ աղետ է հայերի համար»,- նշեց Ավետիսյանը:
Կառավարման փորձագետի կարծիքով՝ մենք այս տարածաշրջանում ստեղծվել կամ հարյուրավոր տարիներ անց վերստեղծվել ենք՝ որպես ազգային պետություն. «Ինչո՞ւ են Ալիևն ու Էրդողանը շարունակաբար հարձակումներ գործում մեր խորհրդանիշների վրա։ Մեր ինքնության հավաստումը մեր խորհրդանիշներն են՝ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը։ Մեր խորհրդանիշ զինանշանի վրա չորս հայկական թագավորությունների զինանշաններն են և Արարատ լեռը։ Ազգային պետություն՝ նշանակում է, որ դու ասում ես՝ էական չէ, թե իմ տեսակը՝ հայը, որտեղ է ապրում՝ Հայաստանում, հարևան Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, թե Թուրքիայում, ես նրա իրավունքների՝ կյանքի, ազատության և այլ իրավունքների պաշտպանն եմ։ Դա է ազգային պետությունը, այն դրսևորումը, որը, օրինակ, հիմա Իսրայելն է ցուցադրում»:
«Արցախի կորուստն ազգային պետություն լինելուց հրաժարվելու հետևանքն է։ Այդ դեպքում դու գործոնից դառնում ես գործիք։ Մենք որքան էլ վատ կառավարվող պետություն էինք՝ կոռուպցիայով և այլ դրսևորումներով, գործոն էինք տարածաշրջանում։ Երբ դու գործոն ես, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, որքան էլ քեզ փորձեն օգտագործել, քեզ որպես կողմ են դիտարկում և քեզ հետ խնդիրները քննարկում են։ Հիմա Հայաստանը, հրաժարվելով ազգային պետություն լինելուց, գործոնից դարձել է գործիք։ Դա նշանակում է, որ մեր փոխարեն Ալիևը կամ Էրդողանը Ռուսաստանի հետ նստում ու որոշում են, թե մեզ ինչ պիտի պարտադրեն, հետո գալիս ու ասում են՝ կգնաք ու սա կանեք»,- ամփոփեց Հովհաննես Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում