ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Վրաստանում
2023 թվականին Եվրամիությունը EU4Business նախաձեռնության միջոցով 44 միլիոն եվրո է ներդրել Վրաստանում՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպանությունը։
Ըստ Եվրամիության՝ հիշյալ ներդրման արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր, ավելացել է արտահանումը, ներդրվել են նորարարություններ, որոնք նպաստել են Վրաստանի տնտեսության կայունության ամրապնդմանն ու զարգացմանը։
«Միայն անցյալ տարի 50 տարբեր նախագծերի միջոցով Վրաստանում գործող ավելի քան 39 հազար ՓՄՁ ստացել է աջակցություն։ Նշված ծրագրերը շոշափելի արդյունքներ են բերել ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ երկրի տնտեսական զարգացման համար, մասնավորապես՝ աջակցվող փոքր և միջին ձեռնարկատիրության շրջանառությունն աճել է 12,8 տոկոսով, ինչն արտահայտվել է գրեթե 37 հազար նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Բացի այդ, բիզնեսը ստացել է 200 մլն եվրո հավելյալ եկամուտ, ինչը ցույց է տալիս նախաձեռնության արդյունավետությունը տնտեսական աճի խթանման գործում», — ասված է ԵՄ մամուլի հաղորդագրությունում։
ԵՄ-ի աջակցություն ստացող ՓՄՁ-ներում աշխատողների թիվն աճել է 5 տոկոսով:
2023 թվականի հիմնական ձեռքբերումները.
- Վրաստանում գործող 39 հազար 72 ՓՄՁ ստացել են տարբեր տեսակի աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվական ծառայություններ, ֆինանսական հասանելիություն և այլն
- Ստեղծվել է 36 հազար 973 նոր աշխատատեղ
- 458 ՓՄՁ Եվրամիության աջակցությամբ արտահանել է արտադրանքը, ինչն ավելացրել է արտահանման ընդհանուր ծավալը 6,8 տոկոսով
- Վարկ է ստացել 17 հազար 275 ՓՄՁ
- ԵՄ-ից աջակցություն ստացող ձեռնարկությունների 4 տոկոսը պատկանում կամ ղեկավարվում է կանանց կողմից, ինչը նպաստում է գենդերային հավասարությանը բիզնեսում։