Tesla-ն ներկայացրել է Cybercab և Robovan անվարորդ մեքենաները
Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն հոկտեմբերի 10-ին ներկայացրել է Cybercab-ը՝ առանց ղեկի և ոտնակների ինքնակառավարվող երկտեղանի տաքսին, ինչպես նաև ավելի մեծ թվով ուղևորների համար նախատեսված Robovan-ը: Այս մասին հաղորդում է CNBC News-ը։
Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ Tesla-ն ունի 21 Cybercab մեքենա, իսկ Warner Bros. ստուդիայում, որտեղ տեղի է ունեցել շնորհանդեսը, ընդհանուր առմամբ, եղել է 50 ինքնակառավարվող ավտոմեքենա։
«We, Robot» (Մենք՝ ռոբոտ) միջոցառմանը, որին ներկա են եղել միայն հատուկ հրավիրված անձինք, Մասկը մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե կոնկրետ որտեղ է Tesla-ն նախատեսում արտադրել մեքենան, սակայն ասել է, որ այն կարժենա 30 000 ԱՄՆ դոլարից պակաս։ Նա հույս է հայտնել, որ ընկերությունը Cybercab կսկսի արտադրել մինչև 2027 թվականը։
Մասկը նաև խոստացել է, որ Tesla-ի էլեկտրական մեքենաները, ինչպիսիք են Model 3-ը և Model Y-ը, լիովին չվերահսկվող անվարորդ համակարգ կունենան և կհայտնվեն Տեխասի և Կալիֆոռնիայի ճանապարհներին 2025 թվականին։ Այժմ առկա են Tesla-ի անվարորդ համակարգերի վերահսկվող տարբերակները, ինչը ենթադրում է, որ ղեկի մոտ պետք է վարորդ լինի՝ պատրաստ ցանկացած պահի ղեկը կառավարելու և ոտնակին սեղմելու։
Robovan-ը կարող է տեղափոխել մինչև 20 մարդու կամ բեռներ:Մասկը նաև ասել է, որ Cybercab-ը և Robovan-ը կկիրառեն ինդուկտիվ լիցքավորում, ինչը նշանակում է, որ այս անվարորդ մեքենաները կարող են գնալ դեպի լիցքավորման կայան և վերալիցքավորվել՝ առանց հաղորդալարի միջոցով հոսանքին միանալու:
Մասկը նաև ներկայացրել է Tesla Optimus հումանոիդ ռոբոտի թարմացված տարբերակը անձնական և տնային օգտագործման համար, որը, ըստ նրա, «ընկեր» կդառնա ցանկացածի համար: