Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ հաղթանակը 2-0 հաշվով։
«Կարծում եմ՝ շատ հզոր խաղ էր մեր թիմի կատարմամբ։ Առաջին իսկ րոպեներից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ՝ մեր տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Արժանի էինք այս հաղթանակին: Այսօր շատ ուրախ օր է «Նոայի» ու մեր ֆուտբոլային ընտանիքի համար: Առաջին անգամ խաղալ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում և հաղթել այսօրվա նման՝ որակյալ ֆուտբոլ ցուցադրելով… սա այն է, ինչով մենք ցանկանում ենք թողնել մեր հետքը: Սա շատ լավ մեկնարկ էր:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին այսօր ևս մեր կողքին լինելու համար: Նրանք մեր լրացուցիչ խաղացողն են. ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է:
«Մլադա Բոլեսլավի» մարզիչն իրավացի է. մենք նրանց խաղը կանգնեցնում էինք դաշտի կենտրոնական հատվածում: Ի սկզբանե դա էր մեր մարտավարությունը՝ թույլ չտալ նրանց գնդակը հասցեագրել առջևի գծի երեք խաղացողներին, որոնք շատ լավն էին: Մենք նրանց կանգնեցնում էինք խաղադաշտի կենտրոնում, և դրանից հետո նրանք սկսեցին ավելի երկար փոխանցումներով խաղալ ու հեռահար հարվածներ կատարել։ Այստեղ պետք է ընդգծել մեր պաշտպանական գծի խաղացողների շատ լավ խաղը՝ այդ ամենը վերահսկելու առումով:
Բայց կարծում եմ՝ այսօր մենք հաղթեցինք, քանի որ ուժեղ թիմ ունենք՝ դարպասապահից մինչև հարձակվող, փոխարինման մտած խաղացողներից մինչև պահեստայիններ: Սա ամենօրյա աշխատանք է, որը տալիս է իր արդյունքը»,- հետխաղային ասուլիսում նշել է պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Երևանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսում աչքի էին ընկել Մաթեուս Այասը և Վիրջիլ Պինսոնը։
«Նոան» մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին և Վիեննայում կմրցի ավստրաիակն «Ռապիդի» դեմ։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հայկական ակումբը կխաղա նաև Լոնդոնի «Չելսիի» (նոյեմբերի 7), իսլանդական «Վիկինգուրի» (նոյեմբերի 28), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի (դեկտեմբերի 12) ու սերբական «Բաչկա Տոպոլայի» (դեկտեմբերի 19) հետ։