Նոր կոռուպցիոն սկանդալ՝ Թուրքիայի շուրջ․ Բրուքլինի թաղապետին Անկարան փորձել է կաշառել

Մինչ քննարկումները շարունակվում են Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների գործով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետաքննության վերաբերյալ, Բրուքլինի թաղապետ Անտոնիո Ռեյնոսոն նույնպես մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի դեմ։ Ռեյնոսոն պնդել է, որ թուրք պաշտոնյաները փորձել են կաշառել իրեն պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Նյու Յորքի քաղաքապետ Ադամսը մեղադրվում է թուրք բյուրոկրատներից և գործարարներից՝ թուրքական տան` Türkevi-ի բացման համար կաշառք վերցնելու և այլ ապօրինի գործեր կատարելու մեջ։

Բրուքլինի թաղապետ Անտոնիո Ռեյնոսոն հայտարարել է, որ թուրք պաշտոնյաներն իրեն որպես նվեր են տվել ութ ոսկեզօծ ճենապակյա թեյի հավաքածու, երբ նա ստանձնել է պաշտոնը, սակայն նա վերադարձրել է այդ նվերները։ Ռեյնոսոն ասել է, որ այդ նվերները այլ տեսանկյունից է գնահատել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի կոռուպցիոն մեղադրանքից հետո։

«Որքանով որ հասկանում եմ, թուրք պաշտոնյաները նախկինում նման կերպ չարաշահել են Էրիկ Ադամսի պաշտոնեական դիրքը և ցանկանում էին նույն մեթոդը փորձել ինձ հետ։ Հետ նայելով հասկանում եմ, որ նվերներ ուղարկելով փորձում էին լավ հարաբերություններ հաստատել ինձ հետ»։

PIX 11 հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում Ռեյնոսոն ասել է, որ մերժել է նաև թուրք պաշտոնյաների կողմից իրեն ուղարկված Թուրքիա այց կատարելու հրավերը։

Ամերիկացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թուրքիայի հյուպատոսությունը պետք է իմանա, թե ինչպես մոտենա Նյու Յորքում ընտրված պաշտոնյաներին և հավելել. «Երբ նայում եմ, թե ինչ է կատարվում հիմա, տեսնում եմ, որ նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչ կարող են և ինչ չեն կարող անել»։

Տեսանյութեր

Լրահոս