Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է արգելել ընդդիմադիրներին ծանոթացնել Ալիևի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը
«Ժողովուրդը մանդատ չի տվել Հայաստանի տարածքները հանձնելու»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա անհասկանալի համարեց՝ ինչո՞ւ են ընդդիմադիր պատգամավորներին արգելում խաղաղության պայմանագրի տեքստին ծանոթանալ, եթե Փաշինյանն ասում է, որ գաղտնի բան չկա, բովանդակությունը հրապարակված է. «Ի դեպ, դատական հայց է հիմա պատրաստվում այդ մասով»:
Արծվիկ Մինասյանը հարցեր ուղղեց՝ ի՞նչ իրավական հիմքով էր 2020-21 թթ. Սյունիքի մարզում՝ Շուռնուխում, հանձնվում ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները, որոնք հաստատվում էին նաև քաղաքացիների ունեցած կադաստրի վկայականով, ի՞նչ իրավական հիմքով էր Կիրանցի հատվածում հանձնվում կադաստրի վկայականով հաստատված ՀՀ քաղաքացիների սեփականությունը. «Եթե չկա այդպիսի իրավական հիմք, այս կանոնակարգը նոր է ստեղծում այդ իրավական հիմքը, ապա ձեր գործողությունն ինչպե՞ս կբնութագրեք՝ հանցագործություն, ապաշնորհություն, ի՞նչ: Եթե այս կանոնակարգով նախատեսում եք ստեղծել իրավական հիմքը, ապա հնարավո՞ր է, որ նոր տարածքներ հանձնվեն թշնամուն: Միայն ձեր ժամանակահատվածում է, որ խոսում ենք ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքների հանձնման մասին»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջամտեց. «Նախ՝ եկեք՝ արձանագրենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքից երբևիցե որևէ մեկը որևէ բան չի հանձնել, եթե, օրինակ՝ 1920 թվականին չանդրադառնանք, երբ Դաշնակցությունը հանձնեց Հայաստանի Հանրապետությունը»:
ԱԺ ամբիոնին մոտեցած Փաշինյանը երկրորդեց Սիմոնյանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել. «ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլ ընդհակառակը՝ արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ, ավելի ճիշտ՝ տարածքային ամբողջականության անկյունաքարը»:
Ինչ վերաբերում է փաստաթղթին ծանոթանալուն, նա նշեց, որ իր անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել է ընդդիմությանը. «Այդ թղթերին ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող սոցիալական ցանցերում ինչ-որ գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել: Դուք գնաք՝ տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք: Ո՞րն է այդտեղ տրամաբանությունը»:
Նա նշեց, որ այդ հնարավորությունը տվել էր, որպեսզի որպես ԱԺ պատգամավորներ՝ ընդդիմադիրները ծանոթ լինեն պրոցեսին. «ՔՊ պատգամավորները ծանոթ չեն այդ տեքստին, չեն կարդացել, ծանոթանալու առիթ չկա էլ, որովհետև ամբողջ տեղեկատվությունն իրենց հետ կիսված է, բա ո՞նց եք պատկերացնում, այսինքն՝ ո՞նց է այդ հարաբերությունը կարգավորվում: Դատի եք տվե՞լ՝ լավ եք արել, դատարանը թող որոշի, դատարանի որոշման նկատմամբ էլ մենք էլ մենք դիրքավորումը կունենանք»: